2023 թվականի առաջին յոթ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Թուրքիայի քաղաքացիներից Գերմանիայում ապաստանի դիմումների թիվն աճել է 203%-ով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակի (BAMF) տվյալներին, գրում է Turkish Minute-ը։
BAMF-ի վիճակագրության համաձայն, հունվար-հուլիս ամիսներին Գերմանիայում ապաստանի 188 967 դիմում է ներկայացվել: Այս ընթացքում Թուրքիայի քաղաքացիները 23 486 դիմում են ներկայացրել, ինչը 202,9 տոկոսով ավելի է 2022 թվականի առաջին յոթ ամիսների համեմատ։ Մինչև այժմ բավարարվել է ապաստան տալու 12174 դիմում։ Դիմումների թվով թուրքերը զիջում են միայն սիրիացիներին ու աֆղաններին։ 2016-ի ձախողված պետական հեղաշրջումից հետո, որը հանգեցրեց թուրքական կառավարության կողմից այլախոհության լայնածավալ ճնշումներին, Գերմանիայում և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է: Բացի այդ, երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամը նույնպես ստիպում է թուրքերին ուղիներ փնտրել երկիրը լքելու համար՝ Եվրոպայում ավելի լավ կյանք ստեղծելու համար։ Նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հաղթանակն ընտրություններում մեծ հիասթափություն է առաջացրել նրա հակառակորդների մոտ՝ ստիպելով շատերին վերանայել երկրում ապրելու իրենց ցանկությունը։





























