Չինաստանի առևտրի նախարարությունը մեկնաբանել է ամերիկյան ընկերությունների օտարերկրյա ներդրումները ստուգելու ԱՄՆ վարչական հրամանը, հայտնում է Սինհուան։
ԱՄՆ-ի կողմից իր ընկերությունների օտարերկրյա ներդրումների սահմանափակումները արտադրական և մատակարարման շղթաների անջատման և խզման ակտ է՝ ներդրումային ոլորտում ռիսկերը նվազեցնելու քողի ներքո, ասել է նախարարության պաշտոնյան: Այս ակտը լրջորեն խախտում է շուկայական տնտեսության և արդար մրցակցության սկզբունքները, որոնք պաշտպանում է Միացյալ Նահանգները, ազդում է ձեռնարկությունների բնականոն գործունեության վրա՝ բիզնես որոշումներ կայացնելիս, խաթարում է միջազգային առևտրատնտեսական կարգը և լրջորեն խախտում համաշխարհային արտադրության և մատակարարման շղթաների անվտանգությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել, որն արգելում է ամերիկյան ներդրումները Չինաստանում «զգայուն» տեխնոլոգիաների մեջ։
Հրամանագիրն ուղղված է կանխելու ամերիկյան կապիտալի և ամերիկացի մասնագետների մասնակցությունը այն տեխնոլոգիաների մշակմանը, որոնք կարող են նպաստել Չինաստանի ռազմական արդիականացմանը։





























