Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին փոխարինող փնտրել, տեղեկացրել է «Украинская правда»-ն՝ հղում կատարելով իշխանությունում ունեցած զրուցակիցներին։
Նրանց տվյալներով՝ այս հարցով բանակցություններ են տեղի ունեցել կառավարության երկու ներկայացուցիչների՝ փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովի եւ արդյունաբերության ռազմավարական ճյուղերի նախարար Ալեքսանդր Կամիշինի հետ։
«Украинская правда»-ն նշել է, որ չգիտի՝ արդյո՞ք կայացել են բանակցություններ այլ թեկնածուների հետ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարին փոխարինելու մասին առաջին տեղեկություններն ի հայտ են եկել այն բանից հետո, երբ 2023թ. սկզբին Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալների պատճառով ազատել էին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում պաշտպանության փոխնախարարների։





























