Իրանը կարող է ազատ արձակել ԱՄՆ հինգ կալանավորված քաղաքացու այն գործարքի շրջանակում, որին համապատասխան՝ Հարավային Կորեայում 6 մլրդ դոլարի չափով իրանական միջոցները կապասառեցվեն, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Որպես առաջին քայլ՝ Իրանը չորս ամերիկացու տնային կալանքի է տեղափոխել։ Հինգերորդն արդեն տնային կալանքի մեջ էր։ Իրանական ծագում ունեցող ամերիկացիների մեջ, որոնց թույլ են տվել հեռանալ բանտից, գործարարներ Սիամակ Նամազին եւ Էմադ Շարգին են, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպան Մորադ Թահբազը, որը նաեւ բրիտանական քաղաքացիություն ունի, տեղեկացրել է փաստաբան Ջարեդ Գենսերը, որը ներկայացնում է Նամազիին։ ԱՄՆ չորրորդ քաղաքացու անձը, որին բաց են թողել բանտից, չի հրապարակվել, ինչպես եւ հինգերորդինը, որն արդեն տնային կալանքի մեջ էր։
«Ես կարծում եմ, որ դա նրանց մղձավանջի վերջի սկիզբն է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի մամուլի ասուլիսում, բայց նախազգուշացրել է, որ դա գործընթացի առաջին քայլն է։ «Դեռ շատ աշխատանք կա անելու, որպեսզի նրանց տուն վերադարձնենք»։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը հաստատել է, որ բոլոր հինգն էլ գտնվում են տնային կալանքի մեջ՝ հայտարարելով, որ նրանց առհասարակ չպետք է կալանավորեին, եւ Սպիտակ տունն ավելացնելու բան չունի, որովհետեւ նրանց հնարավոր ազատ արձակման մասին բանակցությունները «շարունակվում են եւ ավարտման փուլում են»։
ՄԱԿ-ին կից Իրանի առաքելության հայտարարությունում նշվել է, որ «հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում, որը կնքվել է երրորդ կողմի միջնորդությամբ, Իրանը եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են հինգ կալանավորվածների փոխադարձ ազատ արձակման եւ ներման շուրջ»։
Հինգ ամերիկացու թույլ կտրվի հեռանալ Իրանից այն բանից հետո, երբ իրանական միջոցները (6 մլրդ դոլարի չափով) Հարավային Կորեայում ապասառեցվեն, տեղեկացրել է Reuters-ի աղբյուրը։
Երկրորդ աղբյուրը, որը ծանոթ է բանակցություններին, ասել է, որ ԱՄՆ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք սեպտեմբերին։ Նա հաստատել է, որ միջոցների ապասառեցումը կարող է լինել գործարքի մի մասը։ Բայց ապասառեցված միջոցները կարող են օգտագործվել միայն հումանիտար նպատակներով, ինչպիսին է սննդամթերքների կամ դեղերի գնումը։
Tasnim իրանական գործակալությունը տեղեկացրել է, որ միջոցները սկզբում պետք է փոխարկվեին հարավկորեական արժույթից եվրոյի, հետո ուղարկվեին Կատարի հաշիվներին, որոնց հասանելիությունը կապահովվի Իրանի համար։





























