Էկվադորում ընտրարշավի մասնակից Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանությունից հետո 60 օրով արտակարգ դրություն է մտցվել, բայց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների օրը չի տեղափոխվել, տեղեկացրել է ERR-ը։

Էկվադորի նախագահ Գիլյերմո Լասոն օգոստոսի 10-ին օգնության համար դիմել է ՀԴԲ-ին՝ նախօրեին նախագահի պաշտոնին հավակնող Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության հետաքննության գործում, տեղեկացրել է Deutsche Welle գերմանական լրատվական ծառայությունը։

Լասոյի խոսքով՝ ամերիկյան գերատեսչության աշխատակիցները երկիր կգան առաջիկայում։

Ազգին հղած ուղերձում Լասոն սպանությունն անվանել է քաղաքական հանցագործություն եւ ընտրությունները խափանելու փորձ։ Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն Էկվադորում տեղի են ունենալու օգոստոսի 20-ին։ Հանրային կարծիքի հարցումների համաձայն՝ աջ կետրոնամետ Վիլյավիսենսիոն զբաղեցնում էր չորրորդ-հինգերորդ տեղը։

Վիլյավիսենսիոն, որը ներկայացնում էր «Շարք» շարժումը, սպանվել է օգոստոսի 9-ի նախընտրական միջոցառման ժամանակ Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում։ Եվս ինը մարդ վիրավորվել է։ Փոխհրաձգության ժամանակ հարձակվողը նույնպես մահացել է։

Դրանից հետո հանրապետությունում 60 օրով արտակարգ դրություն է մտցվել։ Վիլյավիսենսիոյի սպանության հետ կապված՝ նախագահի յոթ թեկնածուներից հինգը հայտարարել է, որ դադարեցնում է իր քարոզարշավը։ Սակայն ընտրությունների օրը չի տեղափոխվել։