Երեք շաբաթ առաջ Նիգերի նախագահի ընկերները եւ կողմնակիցները դիմել էին ԱՄՆ-ին եւ այլ դաշնակիցների՝ խնդրելով օգնել վերադարձնել իշխանությունը դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահին, իսկ այժմ նրանք դիմել են ավելի պարզ խնդրանքով՝ փրկել նրա կյանքը, գրել է The Associated Press-ը։
Նախագահ Մոհամեդ Բազումը ընտանիքի հետ միասին նստած է նախագահական համալիրի անլույս նկուղում՝ կտրված պարենի, էլետրականության եւ գազի մատակարարումից, գործակալությանը տեղեկացրել է ԱՄՆ-ում Նիգերի դեսպան Մամադու Կիարի Լիման-Թինգիրին։
«Խունտայի պարագլխի պլանը նրան սովամահ անելն է»,- ասել է Լիման-Թինգիրին AP հարցազրույցում՝ նշելով, որ նախագահը, նրա կինը եւ 20-ամյա որդին պարեն չեն ստանում։
Դեսպանի խոսքով՝ Բազումը նկուղից պատասխանում է հեռախոսազանգերին, երբ իրեն զանգահարում է ընկերը կամ մեկ ուրիշը, որի հետ նա ցանկանում է խոսել։
Բազումը հանրությանը չի ներկայացել հուլիսի 26-ից, երբ ռազմական մեքենաները փակել էին նախագահական պալատի դարպասները եւ անվտանգության ուժերը հայտարարել էին, որ վերցրել են իշխանությունը։ ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը եւ այլ երկրներ բազմիցս մտահոգություն են հայտնել Բազումին բանտում պահելու պայմանների առիթով եւ նախազգուշացրել են խունտային, որ պատասխանատվություն կկրեն Բազումի եւ նրա ընտանիքի բարեկեցության համար։
Ուրբաթ Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել էր, որ շփվել է կալանավորված նախագահի հետ եւ դաժան վերաբերմունքի մասին համանման տեղեկություններ ստացել։





























