Թայվանի փոխնախագահ Ուիլյամ Լայը շաբաթ օրը մեկնել է ԱՄՆ, տեղեկացրել է AFP-ն։

Լայը Թայվանում հաջորդ տարի տեղի ունենալիք նախագահական ընտրությունների թեկնածուն է։ Նա Պարագվայի ճանապարհին պաշտոնապես կանգ կառնի ԱՄՆ-ում եւ հետ կվերադառնա նորից ԱՄՆ-ից՝ տարանցմամբ, Պարագվայում նա ներկա է լինելու նախագահի երդմնակալության արարողությանը։

«Շուտով թռչում եմ, որպեսզի ներկա գտնվեմ (նորընտիր նախագահ Սանտյագո Պենյայի) երդմնակալությանը եւ նրան ու Պարագվայի ժողովրդին փոխանցեմ (Թայվանի) լավագույն մաղթանքները»,- գրել է Լայը X-ում (Twitter)։

Ի պատասխան՝ Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (փաստացի Թայվանի դեսպանությունն է, որը գտնվում է Վիրջինիայի նահանգում) նախագահ Լաուրա Ռոզենբերգերը գրել է, որ իշխանություններն «անհամբերությամբ սպասում են Լայի հետ հանդիպմանը»։

Սպասվում է, որ Լայը կանգ կառնի Նյու Յորքում՝ Պարագվայի ճանապարհին, եւ Սան Ֆրանցիսկոյում, երբ հետ վերադառնա։

Թայվանը փորձել է նվազեցնել այս ուղեւորության նշանակությունը, իսկ ԱԳՆ ներկայացուցիչ Ջեֆ Լյուն հայտարարել է, որ «առանձնակի որեւէ բան չկա» փոխնախագահների ԱՄՆ այցելություններում, դրանք արդեն 11 անգամ տեղի են ունեցել։

«Չինաստանը չափից սուր արձագանքելու պատճառ չունի»,- ասել է Լյուն այս շաբաթ տեղի ունեցած ճեպազրույցում՝ ավելացնելով, որ Լայը այցը կատարում է որպես փոխնախագահ, այլ ոչ թե նախագահի թեկնածու։

«Եթե Չինաստանը որոշի... սադրիչ գործողությունների դիմել, ապա հենց Չինաստանը, այլ ոչ թե Թայվանը կամ ԱՄՆ-ն կխափանի խաղաղության եւ կայունության ստատուս-քվոն տարածաշրջանում»,- ասել է Լյուն։

Չինաստանը սուր է արձագանքում ԱՄՆ եւ Թայվանի (որը պաշտոնապես չինական նահանգ է) պաշտոնական անձանց փոխադարձ այցելություններին։ Բայց կղզին պնդում է անկախ պետության կարգավիճակը։