Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը պնդում է, որ երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն փող է ստացել 70 հազար դոլար արժողությամբ շքեղ ժամացույցների վաճառքից, որոնք նվիրվել էին Սաուդյան Արաբիայում, երբ նա դեռ իշխանությունում էր, տեղեկացրել է PA Media-ն։
Բրազիլիան պահանջում է արտասահմանից ինքնաթիռով եկող իր քաղաքացիներից, որ հայտարարագրեն 1 000 դոլարից ավելի արժեցող իրերը, եւ եթե այս գումարը գերազանցվում է, ուրեմն պետք է վճարել հարկ դրանց արժեքի 50 տոկոսի չափով։
Ավելի վաղ նույն օրը ոստիկանները խուզարկություն էին կատարել մի քանի մարդկանց, այդ թվում բանակի գեներալի տներում եւ աշխատասենյակներում։ Բոլսոնարուն ժխտում է որեւէ իրավախախտում՝ կապված նվերների հետ։
Դաշնային ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ոստիկանությունը թույլտվություն է խնդրում, որպեսզի կարողանա ստուգել Բոլսոնարուի անձնական բանկային եւ ֆինանսական ինֆորմացիան։ Նա ավելացրել է, որ դաշնային ոստիկանությունն օգնության համար դիմել է ՀԴԲ-ին։
Բրազիլիայի նախկին նախագահի փաստաբանները տեղեկացրել են, որ նա դատական մարմիններին թույլ կտա ստուգել իր բանկային փաստաթղթերը։
«Նախագահ Բոլսոնարուն երբեք չի յուրացրել եւ չի մսխել պետական միջոցները»,- նշվել է հայտարարությունում։
Բոլսոնարուի նկատմամբ հետաքննություն է վարվում նաեւ անկարգությունների հետ կապված, որոնք նրա կողմնակիցները կազմակերպել էին երկրի մայրաքաղաքում նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, ինչպես նաեւ նախագահական ընտրարշավի (որը նա տանուլ տվեց անցած տարվա աշնանը) ժամանակ նրա թույլ տված գործողությունների առնչությամբ։




























