Մալին չեղարկել է Air France ավիաընկերության Փարիզ-Բամակո եւ հակառակ ուղղությամբ թռիչքների թույլտվությունն այն բանից հետո, երբ փոխադրողը դադարեցրել է երկիր եւ երկրից թռիչքները՝ կապված տարածաշրջանում անկայուն իրադրության հետ, տեղեկացրել է AFP-ն։
Երկուշաբթի Air France-ը դադարեցրել էր թռիչքները Մալիում եւ Բուրկինա Ֆասոյում այն բանից հետո, երբ հարեւան Նիգերի օդային տարածքը փակվել էր հեղաշրջման մասնակիցների կողմից, որոնք իշխանությունը զավթել էին հուլիսի 26-ին։
Այս արգելքի ժամկետը պետք է լրանար ուրբաթ, բայց ընկերությունն այն երկարացրել է մինչեւ օգոստոսի 18-ը՝ վկայակոչելով Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումը եւ «աշխարհաքաղաքական իրավիճակը» Սահելի տարածաշրջանում։
Մալիի իշխանությունները հայտարարել են, որ չվերթների դադարեցումը խախտում է այդ երթուղով թռիչքների կատարման թույլտվության պայմանները։
Air France-ին հասցեագրված եւ ուրբաթ AFP-ի ստացած նամակում Քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալությունը հայտարարել էր, որ ընկերությունն այդ մասին չի տեղեկացրել եւ «անհարմարություններ է պատճառել ուղեւորներին»։
«Այս խախտումը հանգեցրել է ձեր թույլտվության չեղարկմանը ամռան սեզոնին, որը տեւելու է մինչեւ հոկտեմբեր, եւ մյուս ավիաընկերությունները կկարողանան օգտվել այս երթուղուց»,- ավելացրել է գործակալությունը։
Գործակալությունը Air France-ից պահանջել է թռիչքների նոր ծրագիր ներկայացնել՝ փոխադրումները վերսկսելուց առաջ։
Air France-ի ներկայացուցիչը AFP-ին հաստատել է Մալիի իշխանությունների խնդրանքը։
Մալիի եւ նրա նախկին գաղութարար Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները փչացել են այն բանից հետո, երբ 2020թ. արեւմտաաֆրիկյան այդ երկրի իշխանությունը զավթեց խունտան։
Անցած տարի ֆրանսիական զորքերը, որոնք պայքարում էին ջիհադական խռովարարների դեմ, հեռացան Մալիից։





























