Արեւմտաաֆրիկյան երկրների ղեկավարները քննում են իրենց հետագա գործողությունները՝ փորձելով չեղարկել ռազմական հեղաշրջումը Նիգերում, որը ցնցել է տարածաշրջանը, բայց միաժամանակ առաջ է բերել աջակցության ալիք երկրում, գրել է Reuters-ը։

Անցած ամիս Նիգերի զինվորականները իշխանությունից հեռացրին նախագահ Մոհամեդ Բազումին եւ վերցրին իշխանությունը՝ արժանանալով միջազգային տերությունների դատապարտմանը։

Հինգշաբթի ECOWAS տարածաշրջանային դաշինքը որոշում կայացրեց ակտիվացնել օպերատիվ խմբերը հնարավոր ռազմական միջամտության համար՝ նպատակ ունենալով վերացնել Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում երեք տարվա ընթացքում յոթերորդ հեղաշրջման հետեւանքները:

Վճռվում է ոչ միայն Նիգերի՝ուրանի խոշոր արտադրողի եւ իսլամիստների դեմ պայքարում Արեւմուտքի կարեւոր դաշնակցի ճակատագիրը։ Համաշխարհային տերությունները մտահոգ են տարածաշրջանի իրադրությամբ, քանի որ կիսաանապատային այս գոտում ռազմավարական շահեր ունեն։

Ամերիկյան, ֆրանսիական, գերմանական եւ իտալական զորքեր են տեղակայված Նիգերում՝ պայքարելու համար «Ալ-Քաիդայի» եւ «Իսլամական պետության» տեղի մասնաճյուղերի դեմ, որոնք սպանում են հազարավոր մարդկանց եւ դառնում ամբողջ Սահելում միլիոնավոր մարդկանց բռնի տեղահանման պատճառ, գրել է ԶԼՄ-ն։

«Արեւմտյան տերությունները մտահոգվում են, որ Ռուսաստանի ազդեցությունը կարող է ուժեղանալ, եթե խունտան Նիգերում հետեւի Մալիի օրինակին՝ դուրս մղելով  արեւմտյան զորքերը եւ վարձկաններ հրավիրելով ռուսական «Վագներ» ՄՌԿ-ից»,- նշել է Reuters-ը։