Ուկրաինային դժվար աշուն է սպասվում, որովհետեւ աշխարհում ավելանում են պատերազմն ավարտելու բանակցությունների անհրաժեշտության մասին ձայները։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան լրագրող Վադիմ Կարպյակին տված հարցազրույցում, գրել է Страна.ua-ն իր Թելեգրամ ալիքում։
«Շատ դժվար քաղաքական սեզոն է լինելու, բոլորին նախազգուշացնում եմ»,- ասել է Կուլեբան։
Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում ուժեղանում են ձայներն այն մասին, որ «բանակցություններ են պետք»։
«Պաշտոնյաները չեն հնչեցնում, բայց այդ ձայներն ավելի բարձր են դառնում։ Մենք կանենք ամեն ինչ միջազգային իրավունքի եւ քրեական օրենսդրության շրջանակում, որպեսզի այդ ձայները մարեն»,- հայտարարել է Կուլեբան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ միջազգային ծանր գագաթաժողովների մեծ քանակություն է սպասվում, որոնցում ուկրաինական կողմին պետք է «ողջ աշխարհի, եւ ոչ թե միայն Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի մեր ավանդական ընկերների քանակական եւ որակական ներկայությունը»։
Մինչ այդ Կուլեբան ասում էր, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների միայն միջնորդի միջոցով եւ ռուսական զորքերի դուրսբերման պայմանով։





























