Հարյուրավոր հարավկորեացիներ, որոնք մտահոգ են «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի մաքրված կեղտաջրերը ծով բաց թողնելու Ճապոնիայի պլանների հետ կապված, շաբաթ օրը երթ են կազմակերպել իրենց մայրաքաղաքում։ Ցուցարարները Տոկիոյին կոչ են արել հրաժարվել այդ պլաններից եւ արտահայտել են իրենց ցասումը Սեուլի դեմ այն բանի համար, որ նա հավանություն է տալիս կեղտաջրերը ծով բաց թողնելուն՝ չնայած սննդամթերքների անվտանգության հետ կապված ենթադրվող ռիսկերին, տեղեկացրել է The Associated Press-ը։
Շաբաթ օրվա հանրահավաքը բողոքի վերջին ակցիան էր, բողոքը շարունակվում է մի քանի շաբաթ այն բանից հետո, երբ հուլիսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հավանություն էր տվել ճապոնական պլանին՝ հայտարարելով, որ կեղտաջրերի բաթողնման այդ գործընթացը կհամապատասխանի անվտանգության միջազգային չափորոշիչներին եւ աննշան ազդեցություն կունենա շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա։
Մաքրված կեղտաջրերը ծով բաց թողնելու անվտանգության օգտին հանդես է եկել նաեւ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի կառավարությունը, որը վերջին ամիսներին ակտիվորեն քայլեր է նախաձեռնում իր դաշնակից ԱՄՆ-ի հետ վաղուց թուլացած կապերը վերականգնելու ուղղությամբ։
Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ կեղտաջրերի արտանետումը կսկսվի այս տարվա ամռանը, բայց կոնկրետ ամսաթիվ չի նշել։
Հարավային Կորեան փորձում է հանգստացնել բնակչությանը բնապահպանական ռիսկերի հետ կապված, այդ թվում ընդլայնում է ծովամթերքների ճառագայթման ստուգումները երկրի խոշոր ձկնաշուկաներում եւ անգամ թեստավորում է հարավային եւ արեւմտյան լողափերի ավազը։





























