Արգենտինացիները կիրակի քվեարկում են նախնական ընտրություններում, որոնք որոշիչ գործոն են լինելու հոկտեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ, տեղեկացնում է Associated Press-ը:

Նախնական ընտրությունների արդյունքները կորոշեն, թե ով կդառնա  ընդդիմադիր կոալիցիայի նախագահի թեկնածուն, որտեղ Բուենոս Այրեսի քաղաքապետ Օրասիո Ռոդրիգես Լարետան հակադրվում է անվտանգության նախկին նախարար Պատրիսիա Բուլրիչին։

Հաղթողը, ամենայն հավանականությամբ, կպայքարի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսայի՝ իշխող կոալիցիայի թեկնածուի, դեմ։ Արգենտինայի գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը որոշել է չառաջադրվել, քանի որ նրա վարկանիշը չափազանց ցածր է՝ տարեկան ավելի քան 100% գնաճի, աղքատության աճի և արժույթի արագ արժեզրկման պայմաններում:

Նախնական ընտրությունները նաև վերջնականապես հստակ պատասխան կտան, թե որքանով է աջակողմյան թեկնածու Խավիեր Մայլին ապահովել ընտրողների աջակցությունը: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրպագու Մայլին գրավել է ընտրողներին իր հակաիշխանական ուղերձով, որին հատկապես արձագանքել են երիտասարդները: