Լեհաստանի իշխող կուսակցությունը պատրաստվում է հանրաքվե անցկացնել՝ հարցնելով ընտրողներին՝ աջակցում են, արդյո՞ք, Եվրամիության վերաբնակեցման ծրագրի շրջանակում «Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից հազարավոր անօրինական ներգաղթյալների» ընդունմանը, կիրակի ասել է վարչապետ Մատեուշ Մորավեցկին, հաղորդում է Associated Press-ը:

Մորավեցկին սոցցանցերում հրապարակած նոր տեսանյութում հնչեցրել է հանրաքվեի հարցը։ Սա ցույց է տալիս, որ նրա «Օրենք և արդարություն» կուսակցությունը ձգտում է միգրացիայի հարցն օգտագործել իր քարոզարշավում, մարտավարություն, որն օգնեց նրան իշխանության գալ 2015 թվականին:

Լեհաստանի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 15-ին նշանակված աշնանային խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ։ Վերջին օրերին առաջնորդները հայտարարել են ևս երկու այլ հարցի մասին։

Մորավեցկին նշել է, որ հարցը հետևյալն է լինելու. «Դուք աջակցո՞ւմ եք Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից հազարավոր անօրինական ներգաղթյալների ընդունմանը եվրոպական բյուրոկրատիայի կողմից ներդրված հարկադիր վերաբնակեցման մեխանիզմի շրջանակում»:

Եվրամիության ներքին գործերի նախարարները հունիսին հավանություն էին տվել առանց թույլտվության Եվրոպա մուտք գործող ներգաղթյալների պատասխանատվության բաշխման ծրագրին, ինչը  դաշինքի ամենաերկարատև քաղաքական ճգնաժամերից մեկն է: Նախարարները հավանություն են տվել համաձայնագրին, որը հավասարակշռում է ներգաղթյալներին տեղավորելու  երկրների պարտավորությունը՝  մյուս անդամների կողմից աջակցություն ցուցաբերելու պահանջով, լինի դա ֆինանսական, թե փախստականներին  ընդունելու միջոցով: