Նիգերում ռազմական խունտայի ղեկավարությունը, որը հուլիսի վերջին հեղաշրջում էր իրականացրել երկրում, հայտարարել է, որ մտադիր է դատել երկրի իշխանազրկված նախագահ Մոհամեդ Բազումին։  Այս մասին Նիգերի ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է խռովարարների կազմավորած Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի ներկայացուցիչ, ավագ գնդապետ Ամադու Աբդրամանը, որի ելույթից մեջբերումներ է հրապարակել AFP գործակալությունը։

Խունտայի ներկայացուցչի խոսքով՝ քննությանը հաջողվել է  բավականաչափ ապացույցներ հավաքել Բազումին ու նրա տեղի եւ օտարերկրյա հանցակիցներին պատասխանատվության ենթարկելու համար պետական դավաճանության եւ Նիգերի ներքին ու արտաքին անվտանգության խափանման համար, տեղեկացրել է DW-ն։

Աբդրամանը հայտարարել է, որ խունտան դատապարտում է Նիգերի դեմ խռովությունից հետո Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության (EOBAC) մտցրած պատժամիջոցները։

Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի ղեկավար Աբդուռահման Թչիանին պատրաստ է դիտարկել Նիգերի  ռազմական խունտային դիմակայելու դիվանագիտական որոշումը EKOBAC-ի հետ, հայտարարել է որպես միջնորդ հանդես եկող շեյխ Բալա Լաուն։ Օգոստոսի 12-ին պատվիրակությունն այցելել է Նիամեյ, որտեղ հանդիպել է ռեժիմի ներկայացուցիչների հետ։

Լաուի խոսքով՝ Թչիանին հայտարարել է, որ հեղաշրջումը կատարվել է բարի նպատակներով, եւ խռովարարները գործել են, որպեսզի կանխեն անդառնալի սպառնալիքը, որը կանդրադառնար ինչպես Նիգերի, այնպես էլ Նիգերիայի վրա։

Խռովարարներն ավելի վաղ մերժել էին EKOBAC-ի պատվիրակության այցը, որը փորձել էր գալ Նիգեր։

Օգոստոսի սկզբին, АР գործակալության տեղեկացմամբ,  խռովարարները հայտարարել էին, որ կսպանեն Մոհամեդ Բազումին երկիր ինտերվենցիայի դեպքում։