Պրահայի իշխանությունները մերժել են ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի արձանը Չեխիայի մայրաքաղաքում տեղադրելու հարցով թուրքական կողմի խնդրանքը, հայտնում է Եվրոպայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական որոշումը։
Լրատվամիջոցը նշում է, որ ավելի վաղ Չեխիայի հայ համայնքը նամակով դիմել էր Պրահայի իշխանություններին՝ կոչ անելով հրաժարվել հայերի եւ հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը տեղադրելու մտադրությունից։
Անցած օրերին էլ ամերիկահայերի ջանքերով Disney Plus-ը հրաժարվել է հեռարձակել հոկտեմբերին նախատեսված Աթաթուրքի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը պնդել էր՝ ֆիլմը փառաբանում է թուրք բռնապետին եւ ցեղասպանության հեղինակին։ Պաշտոնական Անկարան, իր հերթին, կոշտ քննադատության է ենթարկել ֆիլմի ցուցադրությունից հրաժարվելու մասին Disney Plus-ի որոշումը։





























