Լեհաստանի կառավարությունը նախորդ շաբաթվա վերջին հայտարարեց, որ մոտ տասը հազար զինվոր է ուղարկելու Բելառուսի հետ սահման։ Ալյակսանդր Լուկաշենկոն արձագանքեց՝ դժգոհելով, որ Լեհաստանն այս կերպ ցանկանում է սրել իրավիճակը։
«Անվտանգության իրավիճակը [երկրի] արևելքում վաղուց անկայուն է, և Լեհաստանը ստիպված է դիմակայել այս ուղղությամբ սպառնալիքների մի ամբողջ շարքին: 2021 թվականի հուլիսից Բելառուսը` Մոսկվայի հետ սերտ համագործակցությամբ, փորձում է բացասաբար ազդել Եվրոպայում անվտանգության իրավիճակի վրա, այդ թվում՝ արհեստականորեն հրահրված միգրացիոն ճգնաժամի միջոցով», - BILD-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Արկադիուշ Մուլյարչիկը։
Նրա խոսքով՝ Մինսկը Մոսկվայի հետ միասին փորձում է ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Լեհաստանում, այլեւ ողջ ՆԱՏՕ-ի բլոկում։ Այսպես, զինված ապստաբության անհաջող փորձից հետո «Վագներ» ՊՄԿ վարձկանների տեղակայումը Բելառուսում լեհական իշխանությունների կողմից մեկնաբանվում է որպես «էսկալացիայի հետագա ազդանշան»:
«Հնարավոր հակառակորդները պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ի անդամներից մեկի տարածքային ամբողջականության և անվտանգության ցանկացած խախտում կհանգեցնի դաշինքի բոլոր պետությունների բուռն արձագանքին»,- զգուշացնում է Մուլյարչիկը։
Փոխարտգործնախարարը ուշադրություն է հրավիրում նաեւ Սուվալկիի միջանցքի խնդրի վրա, որը Բելառուսը բաժանում է Կալինինգրադի մարզի տարածքից։
«Սա ամենախոցելիներից մեկն է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տարածքում։ Սուվալկիի միջանցքում անվտանգության ապահովումը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելը հիմնարար նշանակություն ունի ՆԱՏՕ-ի և Եվրոպայում անվտանգության համար, հատկապես, եթե Ռուսաստանը և Բելառուսը շարունակեն էսկալացիան»,- պնդում է Մուլյարչիկը:





























