Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, ներառյալ ճգնաժամը Նիգերում, պատերազմն Ուկրաինայում, Իրանի եւ Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաեւ պատժամիջոցների չեղարկումն ԻԻՀ-ի հանդեպ, տեղեկացրել է Mehr-ը։

Աբդոլահիանը Հարավային Կորեայում իրանական միջոցների ապասառեցումը գնահատել է որպես դրական իրադարձություն։

Նա նաեւ նշել է Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համագործակցությունը՝ նշելով, որ «այժմ երկու կողմերը համագործակցության ճիշտ ճանապարհին են»։

Նա քննադատել է  Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ նշելով, որ «դա չի համապատասխանում Եվրոպայի շահերին»։

Իրանի ԱԳՆ ղեկավարը մտահոգություն է հայտնել Նիգերի ճգնաժամի առիթով։

«Մենք կարեւորում ենք օրենքի գերակայության ապահովումը Նիգերում եւ ցանկացած միջամտությունից խուսափելու անհրաժեշտությունը։ Մենք Նիգերի շրջափակումը գնահատում ենք որպես ժողովրդի խնդրի խորացում»,- ավելացրել է նա։

Աբդոլահիանը անդրադարձել է նաեւ պատերազմին Ուկրաինայում։

«Իրանը ոչ մեկի հետ փոխզիջման չի գնում իր արտաքին քաղաքական մոտեցումներում եւ աջակցում է Պաղեստինին»,- ասել է նա։

Նա հերքել է Ուկրաինայի պատերազմում իրանական անօդաչուներն Ուկրաինայի դեմ օգտագործելու մեղադրանքները։

«Ուկրաինան դրա ոչ մի կոնկրետ ապացույց չի ներկայացրել»,- նշել է նա։

Բորելն իր հերթին ողջունել է առաջընթացն Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերություններում, գրել է իրանական ԶԼՄ-ն։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ հավատում է, «որ Իրանի եւ Եվրոպայի միջեւ որոշ թյուրըմբռնումներ կլուծվեն երկխոսության միջոցով»։

Կարեւորելով Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցությունը՝ Բորելը ավելացրել է. «Ես կցանկանայի ընդգծել, որ բոլոր ջանքերը կգործադրեմ բանակցությունները շարունակելու եւ բոլոր կողմերին ԳՀՀԾ (Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիր- խմբ.) վերադարձնելու համար»։