TransOcean Barents հորատասարքը չորեքշաբթի հասցվել է Լիբանանի 9-րդ բլոկ՝ սկսելու համար երկրաբանահետախուզական աշխատանքները, տեղեկացրել է հանրային աշխատանքների եւ տրանսպորտի նախարար Ալի Համին, հայտնել է Reuters-ը։

Հորատումն իրականացնող կոնսորցիումը գլխավորում է ֆրանսիական TotalEnergies-ը, դրա մեջ մտնում են իտալական ENI նավթային հսկան եւ QatarEnergy պետական ընկերությունը։

Մայիսին Լիբանանի էներգետիկայի նախարար Վալիդ Ֆայադը հայտարարել էր, որ սպասում է, որ տարեվերջին հայտնի կդառնա, թե արդյոք հանքավայր հայտնաբերվել է։ ENI-ի գլխավոր տնօրեն Կլաուդիո Դեսկալցին հունվարին հայտարարել էր, որ «դրական» է գնահատում այդ հանքավայրի բացման հնարավորությունը։

Անցած տարի ԱՄՆ միջնորդությամբ կնքվեց համաձայնագիր, որով սահմանվել է վիճելի ծովային սահմանը Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հարավում։