Վանուատուի վարչապետ Իշմաել Կալսակաուն հազիվ է հաղթահարել անվստահության քվեն. ընդդիմությունը մեկ ձայն չի կարողացել ապահովել նրան հանելու համար Ավստրալիայի հետ անվտանգության պակտի ստորագրումից հետո, տեղեկացրել է Reuters-ը։

Վանուատուն, որը Չինաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ Խաղաղ օվկիանոսի կղզիներում ռազմավարական մրցակցության կենտրոնում է, քաղաքական ճգնաժամի մեջ է ներքաշվել այն բանից հետո, երբ ընդդիմության ղեկավար Բոբ Լաֆմանը անվստահություն է ներկայացրել եւ քննադատվել նաեւ կառավարությանը նվազագույն աշխատավարձի բարձրացման համար։

Անվստահության քվեն հավաքել է 26 ձայն՝ 23 «դեմ»-ի դիմաց, բայց չի հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 27, որն անհրաժեշտ է 52 տեղանոց խորհրդարանում վարչապետին պաշտոնանկ անելու համար։

Մեկ տեղ խորհրդարանում թափուր է, եւ մեկ պատգամավոր ներկա չի եղել նիստին հիվանդության պատճառով։

Լաֆմանը նախորդ վարչապետն էր եւ իր վարչապետության օրոք Վանուատուն մոտեցրել էր Չինաստանին։ Նրա կառավարությունը 2022թ.արտահերթ խորհրդարանական ընտրություններում պարտվել էր։

Նա քննադատել է նաեւ Ավստրալիայի հետ անվտանգության պակտը՝ հայտարարելով, որ այն սպառնալիք է ստեղծում Վանուատուի չեզոք կարգավիճակի համար եւ կարող է սպառնալիքի տակ դնել այլ գործընկերների՝ զարգացման նպատակով հատկացվող օգնությունը։

Կալսակաուն չորեքշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում՝ ասել է, որ իր հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են, իսկ վերջին ութ ամսում երկիր են այցելել ավելի մեծ թվով միջազգային ղեկավարներ, քան Լաֆմանի կառավարման երկու տարիներին։