Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն RFI ռումինական գործակալության հարցազրույցում հայտարարել է, որ Մոլդովան ցանկանում է օգնել Ուկրաինային հացահատիկի տարանցման հարցում, այս մասին Քիշնեւի, Կիեւի, Ռումինիայի եւ Արեւմուտքի ներկայացուցիչները վերջերս խոսել են Գալացում հանդիպման ժամանակ։ Պետության ղեկավարի խոսքով՝ Մոլդովան գործընկերների հետ քննարկում է, թե ինչպես ավելացնի հացահատիկի տարանցումը եւ միաժամանակ պահպանի մոլդավացի ֆերմերների շահերը, փոխանցել է Nokta-ն։
«Մոլդովան Ուկրաինային օգնություն է առաջարկել հացահատիկի տարանցման հարցում պատերազմի ամենասկզբից։ Ոչ միայն այժմ, երբ Դունայի նավահանգիստները ենթարկվում են ռմբակոծման։ Սա բարդ հարց է։ Մենք փորձում ենք լուծում գտնել։ Բանակցություններ են վարվում Ուկրաինայի, Ռումինիայի եւ Եվրահանձնաժողովի հետ այն մասին, թե ինչպես պահպանել մոլդավացի ֆերմերների շահերը եւ ապահովել հացահատիկի տարանցումն Ուկրաինայից։ Մենք պարտավոր ենք օգնել Ուկրաինային, որն այսօր ապահովում է մեր խաղաղությունը»,- ավելացրել է Սանդուն։




























