Շիոմգվիմե վանքի մոտ ժայռի մի հատվածը փլուզվել է։ Համապատասխան կադրերը տարածվում են սոցցանցերում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է Գրուզիա Online-ը։

Այս մասին հայտնել է պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, վարդապետ Անդրիա Ջագմաիձեն։

Նրա խոսքով, ինքը զրուցել է վանքի վանահոր հետ, ով նշել է, որ ամեն տարի փոքր փլուզում է տեղի ունենում, քանի որ ժայռը քայքայված է։

«Դեպքը տեղի է ունեցել Շիոմգվիմե վանքից հեռու։ Ամեն տարի մի փոքր փլուզում է լինում, ժայռը քայքայվում է, այս տարի մի քիչ ավելի է եղել։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել»,- նշում է Ջագմաիձեն։

Sputnik-Գրուզիայի հաղորդմամբ՝ Շիո-Մգվիմե վանքը (Շիոմգվիմե) միջնադարյան վանական ճարտարապետական ​​համալիր է Մցխեթ  քաղաքի մոտ։ Այն գտնվում է Մտկվարի (Քուռ) գետի հյուսիսային ափին գտնվող նեղ կրաքարային կիրճում։

Այս վայրում առաջին վանական համայնքը հիմնադրվել է 6-րդ դարում վանական Շիոյի կողմից՝ մեկը տասներեք ասորի հայրերից, ովքեր Վրաստան են ժամանել որպես քրիստոնյա միսիոներներ: