Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Հայաստանի սահմանադրական դատարան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ  43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Խոսքը վերաբերում է մարդու պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցմանը վերաբերող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանությանը:

Ավելի վաղ նույն խնդրի առնչությամբ, Օմբուդսմենը նամակ էր գրել լրագրողներին, որում նշել էր. «Օրենքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհությունները վկայում են, որ ինչպես այլ,  այնպես էլ խոսքի ազատության ոլորտում անօրեն դատավորը վարկաբեկում է լավ օրենքը եւ ՀՀ օրենսդրությունը, վարկաբեկում է լավ դատավորին եւ ողջ դատական համակարգը, վարկաբեկում է մեր իշխանության բոլոր թեւերին ու պետությանը: Անօրեն դատավորի գործոնի վերացումը իմ, լրագրողի, արդար դատավորի եւ մարդու իրավունքներով մտահոգ ամեն անհատի գործն է: Հետեւաբար, խոսքի ազատության պաշտպանության համար այսօր իրականում անհրաժեշտ է հանրային գործուն վերահսկողություն օրենքի կիրառման եւ արդարադատության իրականացման նկատմամբ: Այս համոզմամբ էր գրվել իմ ապրիլյան ուղերձը դատավորներին: Այս նպատակով էր մայիսին իմ կողմից հիմնվել Տեղեկատվական վեճերի խորհուրդը:

Այդուհանդերձ, հաշվի առնելով,  որ իմ համոզմունքներն ու մոտեցումները կարող են ընկալվել որպես օրենսդրական փոփոխության գաղափարն առաջարկողի կանխակալություն, ինչպես նաեւ հասկանալով այն պնդումը, որ օրենքի ներկայիս կիրառումը դատարանների կողմից պայմանավորված է օրենքի ոչ միանշանակ կարգավորումներով՝ որոշել եմ մեր այս մտահոգությունները փոխանցել ՀՀ Սահմանադրական դատարանի քննությանը»: