Կառավարության շենքի առջեւ այսօր` հոկտեմբերի 13-ին, բողոքի ցույց են անցկացրել հայկական զինված ուժերում պարբերաբար տեղի ունեցող սպանություններից ու մահվան այլ դեպքերից վրդովված երիտասարդներ, նաեւ մի շարք կրպակատերեր:

Երիտասարդների ակցիան կազմակերպվել է Facebook սոցիալական ցանցում ստեղծված խմբի միջոցով: Նրանցից ոմանք բուհերի ուսանողներ էին եւ ապագա զինծառայողներ: Երիտասարդները հայտարարեցին, որ յուրաքանչյուր հինգշաբթի Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց ցույց են անցկացնելու, մինչեւ սպանությունները չդադարեն եւ մեղավորները չստանան իրենց արժանի պատիժը: Իսկ կրպակատերերը պատմեցին, որ քաղաքապետարանից իրենց արդեն զգուշացրել են, որ կրպակների շահագործման ժամկետները լրացել են, եւ դրանք ապամոտնաժվելու են: Եթե կրպակատերերը անձամբ չապամոնտաժեն կրպակները, դա կանի պետությունը, եւ սեփականատերը ստիպված կլինի հատուցել ծախսերը: Նրանք հույս ունեն, որ վարչապետը կկարողանա կանխել կրպակների ապամոտնաժումը:

Նշենք, որ ամռան սկզբից, երբ քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ սկսվեց Երեւանում կրպակների ապամոնտաժումը, դրանց տերերը մի շարք բողոքի ցույցեր են անցկացրել քաղաքապետարանի եւ կառավարության շենքերի մոտ: