Ուժեղ հրդեհ է բռնկվել Թայլանդի հայտնի զբոսաշրջային վայրում՝ Պատայայի լողացող շուկայում, հայտնում է The Pattaya News-ը։

Հրդեհը բռնկվել է հինգշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 19:00-ից հետո։ Ականատեսները պատմել են, որ փայտե զուգարանների մոտակայքում շուկայի կենտրոնական հատվածում կայծերի շղթա են նկատել։ Հրդեհը արագ կլանել է բամբուկից և փայտից կառուցված առևտրի տաղավարները։ Պարբերականի տվյալներով՝ շատ վաճառողներ փորձել են կրակից հանել իրերը, իսկ ոմանք էլ նետվել են ջուրը՝ փրկելու իրենց կյանքը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ և 20 միավոր տեխնիկա։ Երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում փրկարարներին հաջողվել է հրդեհը հսկողության տակ առնել, մինչ այդ արդեն բազմաթիվ շենքեր ամբողջությամբ  ոչնչացել էին։  Նախնական գնահատմամբ վնասը կազմում է  առնվազն 50 միլիոն բաթ:

Ճշտվում է, որ հրդեհը սկսվել է առևտրի տաղավարների փակվելուց հետո, ուստի այնտեղ քիչ մարդիկ են եղել։ Շուկայի մի քանի աշխատակիցներ թեթեւ վնասվածքներ են ստացել։

Հրատարակությունն ընդգծել է, որ լողացող շուկան Պատայայի գլխավոր տեսարժան վայրն է։ Ավելի քան 60 ակր (243,000 քառակուսի մետր) տարածքում կան հարյուրավոր կրպակներ, որտեղ ամեն օր այցելում են հազարավոր տեղացիներ և զբոսաշրջիկներ: