ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան շաբաթ օրն Ուկրաինայի սահմանի մոտ իր տարածքում հայտնաբերել է անօդաչու թռչող սարքի նոր բեկորներ, որոնք, ըստ Ազգային պաշտպանության նախարարության, «նման են ռուսական բանակի կողմից օգտագործվողներին»: Սա Ռումինիայում  այս շաբաթ երկրորդ նման բացահայտումն է, ըստ The Associated Press-ի:

«Տարածքը շրջափակված է զինվորականների կողմից, և հայտնաբերված տարրերը կհավաքվեն վերլուծության և տեխնիկական փորձաքննության համար», - շաբաթ օրը հայտարարել է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ կշարունակի հետաքննությունը Դանուբի ուկրաինական նավահանգիստների մոտ:

Շաբաթ օրը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսն արձագանքեց՝ ասելով, որ եզրակացությունները ցույց են տալիս, որ եղել է «ՆԱՏՕ-ի դաշնակից Ռումինիայի ինքնիշխան օդային տարածքի բոլորովին անընդունելի խախտում՝ այդ տարածքում գտնվող Ռումինիայի քաղաքացիների անվտանգության համար իրական վտանգներով»:

Յոհանիսը հավելել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ Դաշինքի ղեկավարին տեղեկացնելու անօդաչու թռչող սարքերի նոր բեկորների հայտնաբերման մասին։ Պարզ չէ, թե արդյոք Ռումինիայի իշխանությունները որոշել են, թե երբ և որտեղ է գործարկվել անօդաչու թռչող սարքը:

«Ռումինիան շատ լավ պաշտպանված է ՆԱՏՕ-ի շրջանակներում և վայելում է մեր պատմության մեջ անվտանգության ամենաուժեղ երաշխիքները»,- հավելել է Իոհանիսը։

Իր հերթին, Սթոլթենբերգը «X» սոցիալական ցանցում գրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրին հարվածելու «մտադրությունների որևէ նշան» չկա, սակայն ասել է, որ բացահայտումներն «ապակայունացնող են»: «Ես ողջունում եմ ԱՄՆ-ի որոշումը՝ ավելի շատ F-16 կործանիչներ տեղակայելու ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության համար», - ասել է նա. «Մենք սոլիդար ենք Ռումինիայի հետ»։

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բեկորները հայտնաբերվել են ռումինական Պլաուրու գյուղից մոտ երկուսուկես կիլոմետր դեպի հարավ-արևելք, որը գտնվում է Դանուբի հակառակ ափին՝ ուկրաինական Իզմայիլ նավահանգստից: