Սոցիալական ցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող Lenaslittle-ones էջի հիմնադիրը, որն այսօր ԱՄՆ-ում ճանաչված ուսուցչուհի է և ում  հրապարակած կարճ, ուսուցողական հոլովակները հասցրել են գրավել աշխարհի տարբեր երկրներում ապրող միլիոնավոր մարդկանց, հայուհի է։ Խոսքը Միացյալ նահանգներում բնակվող Լենա Խաչատրյանի մասին է, ով բոլորովին վերջերս է իր հետևորդների համար բացահայտել իրական ազգությունը։ Lenaslittle-ones էջը միայն «Տիկ Տոկ»-ում ունի 1,1 մլն-ից ավելի հետևորդ, իսկ այդ հարթակում հրապարակված որոշ տեսանյութերի դիտումներ հասնում են շուրջ 20 մլն-ի։ Հայ ուսուցչուհին տիրապետում է հինգ լեզուների, դասավանդման նորարարական մեթոդներով կազմակերպում փոքրերի առօրյան, ու իր փորձն ու հմտությունները տարածում հոլովակների միջոցով։

processed-6493e0f2-16ce-43a8-b9d4-a906a2cd0e92_N4FBhAiv.jpeg (112 KB)

 NEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցում Լենա Խաչատրյանն առաջին անգամ խոսել է իր ազգության, ԱՄՆ-ում հաստատվելու պատճառների, ընտանիքի, երեխաների հետ տարվող հսկայական աշխատանքի, սոցիալական ցանցերում ծավալած գործունեության և այլ հետարքիր թեմաների շուրջ։   

-Հայաստանում շատերն են դիտում ձեր տեսանյութերը, սակայն քչերը գիտեն ձեր՝ հայ լինելու մասին։ Պատմեք ձեր անցած ուղու մասին, ինչպե՞ս հաստատվեցիք ԱՄՆ-ում։

-Բոլորն ինձ ճանաչում և դիմում են Լենա անունով, սակայն քչերը գիտեն, որ իմ իսկական անունը Ելենա է։ Ծնվել եմ Երևանում, ցավոք, 5 տարեկանում ընտանիքիս հետ ստիպված տեղափոխվել ենք Եվրոպա։ Մեծացել և կրթություն եմ ստացել Լեհաստանում, շատ լավ տիրապետում եմ լեհերենին և այսօր բազմաթիվ հետևորդներ ունեմ հենց Լեհաստանից։ Կարելի է ասել, որ Լեհաստանն իմ երկրորդ հայրենիքն է։ Արդեն 10 տարի է բնակվում եմ Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելեսում, որտեղ և գտել եմ իմ կյանքի կեսին․ ունեմ գեղեցիկ ընտանիք և երեք երեխաներ։ Ինձ բոլորը ճանաչում են որպես ուսուցչի, ով ապրում և աշխատում է Լոս Անջելեսում։


-Ձեր ուսուցողական՝ կարճ հոլովակներն այսօր սոցցանցի տարբեր հարթակներում միլիոնավոր դիտումներ ունեն և հասցրել են սիրվել աշխարհի տարբեր երկրներում ապրող երեխաների, ծնողների կողմից։ Ինչպե՞ս առաջացավ նման հոլովակներ նկարահանելու գաղափարը։

-Արդեն երկար տարիներ է փոքրերին եմ դասավանդում, Լոս Անջելեսում մանկապարտեզ ունեմ, որը նախատեսված է նորածնային տարիքից մինչև 5 տարեկան երեխաների համար։ Այս տարիներին փորձել եմ անել հնարավորը, որպեսզի երեխաների առօրյան անմոռանալի անցնի և ուսման նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծանա։ Ընկերներս հաճախ էին ինձ դիմում՝ պարզելու, թե ինչ մեթոդներով եմ դասավանդում երեխաներին, որ այդքան սիրով են հաճախում դասերին։ Ես էլ սկսեցի կարճ հոլովակներ նկարահանել, որպեսզի իմ փորձով կիսվեմ մյուսների հետ։ Ընթացքում հետևորդներիս թիվն ավելացավ․ պարզվեց, որ շատերն են նույն երգերը, խաղերն ու վարժություններն իրենց սաներին սովորեցնում։ Շատ հաճելի էր իմանալ, որ անգամ ամերիկացի ուսուցիչներն են մանկապարտեզներում նույն մեթոդներով իրենց դասերն անցկացնում։ Այս տեսահոլովակների միջոցով փորձում եմ նաև մոտիվացնել երեխաներին, մեծացնել կրթության նկատմամբ նրանց հետաքրքրությունը։ 

1694336949375.JPEG (54 KB)
-Ձեր հետևորդները տեսանյութերի մեկնաբանություններում երբեմն փորձում են գուշակել ձեր ազգությունը, սակայն քչերն են գլխի ընկել, որ հայ եք։ Ինչպե՞ս են արձագանքում օտարազգի ձեր հետևորդները՝ պարզելով ձեր ազգությունը։ 


-Այո, շատերը դեռ չգիտեն որ ես հայ եմ և մինչ օրս փորձում են գուշակել ազգությունս։ Երբ սկզբում հոլովակների մեկնաբանություններում հարցնում էին այդ մասին, ես լռում էի․ ինձ հետաքրքրում էր մարդկանց կարծիքը, շատերն ինձ նմանեցնում էին արաբուհու, եգիպտացու կամ իսպանահու հետ։ Օրերից մի օր որոշեցի գաղտնիքը բացել և հայտնել իմ ազգության մասին։ Իմ տեսահոլովակներում հետևի ֆոնին նկատած կլինեք Հայաստանի դրոշը, իմ հետևորդներին կամ պարզապես անծանոթներին հաճախ եմ պատմում Հայասատանի մասին,  և ես շատ ուրախ եմ, որ իմ միջոցով մարդիկ կարող են իմանալ, թե ով է հայը, ինչ որակներ է կրում, ինչ հոգի ունի և այլն:

-Ժամանակակից աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ համացանցային հարձակումներից։ Ամիսներ առաջ ձեր ֆեյսբուքյան էջը, որի հետևորդների թիվը գերազանցում էր 600.000-ը, կոտրել էին և դուք ստիպված եղաք նոր էջ բացել։ Իրավապահներին հաջողվե՞ց ինչ-որ բան պարզել։ Առհասարակ, այդ դեպքից  հետո արդյոք դժվար չէ՞ր նորից մոտիվացվելն ու ֆեյսբուքյան տիրույթում վերստին գործունեություն ծավալելը։

-Սարսափելի էր այդ դեպքը ոչ թե նրա համար, որ ես կորցրեցի հարյուր հազարավոր հետևորդներ ունեցող էջ, այլ այն հանգամանքը, որ այդ էջում անպարկեշտ լուսանկարներ էին տեղադրում և դա տեսնում էին երեխաներն ու ծնողները։ Ցավոք, ոչ ոք չօգնեց ինձ այդ հարցում․ ո՛չ ԱՄՆ իրավապահ կառուցները, և ո՛չ էլ այլ պատասխանատուներ։ Այդ ընթացքում հազարավոր մարդիկ էին զանգում, առաջարկում իրենց օգնությունը, սակայն պատկան կառույցները ոչինչ չարեցին ինձ օգնելու համար, մինչդեռ ես անընդհատ կրկնում էի, որ իմ լսրարանը երեխաներ ու ծնողներ են և պետք է հնարավորինս շուտ խափանել ապօրինի էջը տնօրինելը։ Չափազանց ծանր է, երբ մարդ կարող է շատ դժվարությամբ աշխատել, որակյալ կոնտինգենտ հավաքել, հոգի ու սիրտ դնել ամեն հոլովակում ու մի վայրկյանում այդ ամենը ջուրն ընկնի։ Երեք ամիս տևեց, մինչև այդ էջը փակվեց։ Այդ դեպքից հետո ես իսկապես կոտրվել էի, չէի ցանկանում նոր էջ բացել, ու ամեն ինչ սկսել զրոյից, սակայն իմ ընտանիքն ինձ համոզեց, ինձ հետևող մարդիկ իրենց աջակցությունը հայտնեցին։ Հիմա դարձյալ հետևորդներս շատանում են, մարդիկ նորից ինձ գտնում են, և ես շարունակում եմ տեսահոլովակներ տեղադրել «ֆեյսբուքում», բայց այս անգամ ավելի զգույշ եմ փորձում լինել։ Նրանք, որոնք գործ ունեն սոցցանցերի հետ, պետք է շատ զգուշավոր լինեն, քանի որ որևէ մեկն ապահովագրված չէ նման հարձակումներից և տհաճ իրավիճակներից։  

-Մեր օրերում երեխաները շատ ժամանակ են անցկացնում համակարգչի, հեռախոսի կամ պլանշետի առաջ և դասարանային պայմաններում սովորելը շատերի համար հետզհետե ձանձրալի և անհետաքրքիր է դառնում։ Նման իրավիճակում ինչպե՞ս է հնարավոր երեխաներին «վերադարձնել» իրական կյանք և նոր հմտություններ սովորեցնել։

1694336949292.JPEG (39 KB)

-Այո, ժամանակները փոխվել են․ փոխվել են նաև երեխաների նախասիրություներն ու  հետաքրքրությունները։ Օրինակ Միացյալ Նահանգներում գալիս է մի տարիք, երբ երեխաները չեն կարող ուսումը շարունակել առանց համակարգչի։ Իմ աշխատանքը մինչ հինգ տարեկան երեխաների հետ է, ինչն ինձ համար շատ ուրախալի է։ Երեխայի կյանքի զարգացման համար չափազանց կարևոր է, թե ինչպես է երեխան անցկացնում  իր կյանքի առաջին հինգ տարիներին։ Այն, ինչ ես անում եմ, շատ կարևոր է երեխայի առողջ զարգացման համար․ երգելը, գրքեր կարդալը, զարգացնող խաղերն ու վարժությունները և այլն։ Ես փորձում եմ ծնողներին սովորեցնել, թե ինչպես կարելի է երեխայի առօրյան կազմակերպել առանց հեռախոսի կամ համակարգչի, սակայն, ցավոք, այստեղ ամեն ծնող չէ, որ ժամանակ կամ հնարավորություն ունի իր երեխայի զարգացմամբ անձամբ զբաղվելու, ինչպես նախկինում էր։ Այսօր երեխաները օրական 8-10 ժամ ակտիվ ժամանակ են անցկացնում իմ մանկապարտեզում․ միասին երգում ենք, պարում, վարժություններ անում, մարզում ուղեղը, ուշադրությունը, կենտրոնացումը և այլն։ Նրանք, որոնք կարդում են ինձ և հետևում, պետք է գիտակցեն, թե որքան որքան կարևոր է այն փաստը, թե ինչպես ենք կազմակերպում երեխաների ժամանակը մինչև նրանց հինգ տարեկան դառնալը, ինչքան ուշադրություն և սեր ենք տալիս երեխաներին։


- Ձեր հագեցած գրաֆիկի պայմաններում ինչպե՞ս եք կարողանում ժամանակ տրամադրել ընտանիքին։ Բարդ չէ՞ օտարության մեջ ձեր երեխաներին սովորեցնել հայերեն, պահպանել մեր ավանդույթներն ու սովորույթները։ 

- Ես երեք երեխաներ ունեմ։ Իմ աշխատանքային գրաֆիկը բավականին խիտ է․ օր ու գիշեր ժամանակս անցկացնում եմ մանկապարտեզում։ Ես մեծացել եմ հայրենիքից հեռու՝ օտար միջավայրում, բայց իմ ընտանիքը՝ տատիկս ու պապիկս ամեն ինչ արել են, որ ես ես հայ մնամ։ Իրենց շնորհիվ մինչ օրս հիշում եմ հայերենը և իմ սովորածը փոխանցում երեխաներիս։ Ամեն բան կախված է մարդուց, նրա արժանիքներից, դավանած արժեքներից։ Թեև մենք ապրում ենք հայրենիքից շատ հեռու, ես իմ երեխաներին սովորեցնում եմ հայերեն, նրանց համար գրքեր եմ կարդում հայերեն, միշտ պատրաստում եմ հայկական ուտեստներ, իմ տանը հնչում է հայկական երաժշտություն, ասել է թե՝ մեր տանը հայկական հոգին միշտ կա և ինձ համար ամենակրևորը դա է։ Որքան էլ երեխան օտարութան մեջ մեծանա, պետք է զգա հայկական հոգին, չկորցնի իր ինքնությունը։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ընտանիքիս հետ այցելելու Հայաստան։ 

1694336949535.JPEG (247 KB)


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, որոնց մասին կցանկանայիք կիսվել։

-Բազմաթիվ ծրագրեր կան, ցավոք ժամանակն է շատ քիչ, և գրաֆիկս է ծանրաբեռնված։ Ինձ համար առաջին տեղում երեխաներս են, որոնց ուսմամբ անձամբ ես եմ զբաղվում։ Ես կցանկանայի նորամուծություններ մտցնել դասերի մեջ, որպեսզի մարդիկ տեսնեն, թե որքան ընդունակ են երեխաները փոքր տարիքում և որքան մեծ է նրանց մոտ սովորելու ցանկությունը։ Նպատակներիցս մեկն էլ իմ վարած սոցիալական հարթակին հայկական ուղղվածություն տալն է, մարդկանց իրազեկելը Հայաստանի և հայի մասին։ Հայերենով մի քանի ծրագրեր ունեմ, որոնք կցանկանամ հնարավորինս շուտ անել։ Ինչպես ասում են՝ առա՛ջ Աստված, հույս ունեմ գոնե իմ ծրագրերի և պլանների կեսը մինչև նոր տարի կիրականացնեմ։ 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ