Ուկրաինային մնացել է ընդամենը մոտ 45 օր, մինչև եղանակային վատ պայմանները կխոչընդոտեն Ռուսաստանի դեմ նրա հակահարձակմանը, BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ զինված ուժերի ղեկավար, գեներալ Մարկ Միլին։

Ըստ գեներալի, երբ անձրևները սկսվեն, «մանևրելը շատ դժվար կլինի»։

«Այս հարձակումը սկսվել է մոտ 90 օր առաջ: Գործերը ընթացան ավելի դանդաղ, քան ծրագրողները սպասում էին: Եվ սա է տարբերությունը այն բանի միջև, ինչը (պրուսացի գեներալ և ռազմական տեսաբան Կառլ ֆոն) Կլաուզևիցն անվանում էր  պատերազմ թղթի վրա և իրական պատերազմ: Այսպիսով, սրանք իրական մարդիկ են իրական մեքենաներով, որոնք կռվում են իրական ականապատ դաշտերում, և այնտեղ  իրական մահ է ու ավերածություն, և  իրական բախումներ են: Եվ մենք դեռ ողջամիտ ժամկետ ունենք՝ հավանաբար 30-45 օր է մնացել մինչև եղանակի վատանալը»,- ասել է նա։

Ամերիկացի գեներալի կարծիքով, ճակատամարտը դեռ չի ավարտվել։

«Նրանք դեռ չեն ավարտել մարտական ​​մասը այն ամենի, ինչին փորձում են հասնել: Մի խոսքով, տեսնենք․․․ Դեռ շատ վաղ է ասել, թե ինչով կավարտվի այս ամենը: Նրանք, համենայն դեպս, մասամբ հաջողության են հասել իրենց մտադրություններում, և դա կարևոր է: Իսկ հետո կսկսվեն անձրևները։ Այն կդառնա շատ կեղտոտ: Այդ պահին շատ դժվար կլինի մանևրելը, իսկ հետո վրա կհասնի խորը ձմեռը,   այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես են ընթանում գործերը։ Բայց հենց  այս պահին դեռ վաղ է ասել՝ այս հարձակումը ձախողվե՞լ է, թե՞ ոչ»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ ուկրաինական հակահարձակումը ռուսական զորքերի դեմ կշարունակվի՝ չնայած առաջիկա ցուրտ եղանակին։