Այժմ Հայաստանի ղեկավարությանը կհամոզեն նվազեցնել և սահմանափակել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերը և ռազմատեխնիկական համագործակցությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի թուլացման ակնկալիքով։ Այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին։

Նրա խոսքով, հաշվարկներ են արվում, որ լուծեն Երևանի և Բաքվի միջև տարածքային խնդիրները, նախ Ադրբեջանին ինտեգրեն ՆԱՏՕ-ին, իսկ երկարաժամկետ հեռանկարում, հնարավոր է՝ նաեւ Երեւանին՝ Հայաստանի տարածքների մի մասը կորցնելուց հետո:

Վոյտոլովսկին վստահություն է հայտնել, որ քանի որ Երեւանը եղել եւ մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործոններ, Հայաստանը չի դիտարկվել եւ չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ի անդամության պոտենցիալ թեկնածու:

«Արեւմուտքը հասկանում է, որ Հայաստանի անդամակցությունը դաշինքին շատ ավելի քիչ հետաքրքիր է, քան Վրաստանի եւ առաջին հերթին Ադրբեջանի անդամակցությունը։ Ադրբեջանը՝ որպես ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամ, շատ ավելի հետաքրքիր է, շատ ավելի կարեւոր ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների համար։ Թուրքիան քարտ բլանշ ունի Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, ինչը հանդիսանում է Ադրբեջանի եվրաատլանտյան ինտեգրման շարժման մեխանիզմ»,-նշել է Վոյտոլովսկին։

Փորձագետը դաշինքի ճանապարհին Ադրբեջանի հսկայական խոչընդոտ է համարել Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկարգավորված տարածքային վեճերի հետ կապված իրավիճակը:

«Որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանան ապահովել Ադրբեջանի եվրաատլանտյան ինտեգրումը, Բաքուն պետք է լուծի տարածքային խնդիրները եւ վիճելի հարցերը Հայաստանի հետ։ Եթե այդ տարածքային վեճերը լուծվեն հօգուտ Ադրբեջանի, ապա դա հնարավորություն կբացի ՆԱՏՕ-ին ավելի խորը ինտեգրվելու համար»,-նշել է նա։

Քաղաքագետը վստահեցրել է, որ ԱՄՆ-ին հետաքրքիր չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ նրա ճակատագիրը։

 «Եթե Հայաստանն ընտրի զուտ արեւմտյան վեկտորը, ապա դա կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ հարաբերությունների ավարտը։ Սա, իմ կարծիքով, Երեւանում քչերն են հասկանում։ Ադրբեջանը պետք է եւ՛ ԱՄՆ-ին, եւ՛ Թուրքիային, եւ՛ ընդհանրապես ՆԱՏՕ-ին, այդ թվում՝ Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու համար։ Եթե Հայաստանը դուրս գա արեւմտյան ուղեծիր եւ դառնա Իրանին զսպելու հենասյուններից մեկը, ապա կկործանի Երեւանի եւ Թեհրանի բազմամյա խորը կապերը: Կարծում եմ, որ դա Թեհրանում էլ են լավ հասկանում եւ փորձում են աջակցել Հայաստանին, զարգացնել կապերը»,-եզրափակել է փորձագետը։