Արեւմտյան արժեքային համակարգին ձգտող Թուրքիա այլեւս չկա, այդ երկրում իշխանության  է եկել նոր քաղաքական էլիտա, որի արմատները եւ գաղափարախոսությունը գնում են դեպի Ղուրանը: Այդ մասին հայտարարել է ամերիկյան Heritage ինստիտուտի վերլուծաբան Արիել Քոենը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Խոսելով Էրդողանի կառավարության քայլերի մասին` Քոենը նշել է, թե Թուրքիայում կատարվածը պարզապես իշխանության փոփոխություն չէր, փոխվել է Թուրքիայի քաղաքական ձեւաչափը: «Տեսեք, թե ինչ ջանադրությամբ է Էրդողանը զտում աշխարհիկ զինվորականներին, ես սա կհամեմատեի Ստալինի անցկացրած զտումների հետ: Փառք Աստծո, դեռ մարդ չեն սպանել: Քաղաքական կուրսի փոփոխությունը հանգեցրեց նեո-օսմանիզմի եւ մի լոզունգի,  որն այսօր արդեն հնչում է անհեթեթ. «Զրոյական պրոբլեմներ հարեւանների հետ»: Այո իհարկե, զրոյական պրոբլեմներ են քրդերի հետ, հայերի հետ, հույների, կիպրոսցիների, Սիրիայի կամ Իսրայելի հետ: Թուրքիան լուրջ դիմակայության մեջ է նաեւ Իրանի հետ: Սրվում է սունի-շիա դիմակայությունը, քանի որ Թուրքիան Սիրիայում սատարում է սունիներին իսկ Իրանը շարունակում է աջակցել Հեզբոլահի եւ Բաշար Ասադի Ալավիների իշխանությանը»,- նկատել է Քոենը:

Վերջինիս խոսքով, «Թուրքիան ցանկանում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը»: «Նրանք գտնում են, որ իսլամական առաջնորդ դառնում են Տարզանի նման կուրծք ծեծելով եւ ձեւացնելով թե տիրապետող դիրքեր ունեն Իսրայելի հետ հարաբերություններում: Եւ ոչ միայն Իսրայելի: Տեսանք Էրդողանն ինչ արեց Կարսի մոտակա հայ-թուրքական հաշտեցման արձանի հետ: Լուրջ սրում է առաջացել քրդերի հետ: Այս նեոօսմանյան ոճի հավակնոտությունը Վաշինգտոնում ոչ մի լավատեսություն չի առաջացնում: Այստեղ սովոր են, որ Թուրքիան դաշնակից է, ՆԱՏՕ-ի հուսալի անդամ է,  ԱՄՆ-ից զենք է գնում եւ այլն: Դա վերջացավ»,- նշել է վերլուծաբանը: