Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 17-ի նիստում 10 մլն դրամով տուգանեց «Գավառտրանս» ընկերությանը` գերիշխող դիրքի չարաշահման համար:

Նշենք, որ սույն ընկերությունը լիցենզիա է ստացել Երեւան-Գավառ-Երեւան (համար 303), Գավառ-Երեւան-Գավառ (համար 326) եւ Երեւան-Սարուխան-Երեւան (համար 313) երթուղիները սպասարկելու համար:

Ըստ NEWS.am-ի աղբյուրների` «Գավառտրանս» ընկերությունը պատկանում է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին:

Լիցենզիան «Գավառտրանսին» տրվել է հետեւյալ պայմաններով` Երեւան-Գավառ-Երեւանը (303 համար) պետք է սպասարկվի 500 դրամով, իսկ մյուս երկուսը` 1000 դրամով: Սակայն առայսօր բոլոր երթուղայինները Գավառ հասցնելու համար գանձում են 1000 դրամ, ինչի վերաբերյալ քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ:

Ավելին` ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գավառ-Երեւան գիծը սպասարկող որեւէ երթուղային տաքսու վրա նշված չեն համարները, այսինքն` ուղեւորը չի կարողանում տեղեկանալ, ինքը 500 դրամանոց 303 համարի երթուղայինից է օգտվո՞ւմ, թե՞ 1000 դրամանոց 326 համարից: Սա փաստորեն արվում է կանխամտածված` մարդկանց մոլորության մեջ գցելու համար:

Հարց է առաջանում` այդ դեպքում «Գավառտրանսին» ինչու է՞ր պետք վերցնել նաեւ 303 համարի լիցենզիան: ՏՄՊՊՀ եզրակացությունը միանշանակ է`դա արվել է գերիշխող դիրք ձեռքբերելու եւ մրցակից չունենալու ակնկալիքով: Լիցենզիան տրամադրող տրանսպորտի եւ կապի նախարարությունը պարզապես հավանություն է տվել էժան տոմսի (500 դրամ) առաջարկ պարունակող հայտին` առանց հաշվի առնելու, որ բոլոր երթուղային գծերն անցնում են 1 ընկերության տնօրինության ներքո:

Ի դեպ` ստեղծված իրավիճակը հետեւանք է առաջին հերթին տրանսպորտի եւ կապի նախարարության թերացումների: «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` լիցենզիաների պահանջների կատարման վերահոսկողությունը պետք է իրականացնի հենց տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգում գործող տրանսպորտային տեսչությունը: Տվյալ պարագայում ակնհայտ է, որ լիցենզիայի պահանջները չեն կատարվել, սակայն վերահսկողական մարմինը միջոցներ ձեռք չի առել:

Նշենք նաեւ մեկ այլ հետաքրքիր հանգամանք. Գավառի քաղաքապետարանի կայքէջում մի այսպիսի լուր է տեղադրված`Գավառի քաղաքապետի անմիջական նախաձեռնությամբ եւ «Գավառտրանս» ընկերության հովանավորությամբ գազաֆիկացվել է Գավառի մանկապարտեզներից մեկը: Մի կողմից` Գավառի քաղաքապետը գավառցիների հաշվին գերշահույթներ է ստանում, մյուս կողմից` դրանց մի մասով բարեգործություն է անում: Ափսոս միայն, որ ՏՄՊՊՀ-ում դրանից տեղյակ չեն, կամ որ ավելի վատ է` տեղյակ լինելով հաշվի չեն առել, թե չէ կարելի էր այդ 10 մլն տուգանքը մի փոքր զեղչել:

 

Սամվել Ավագյան