Հայ ազգային կոնգրեսը համակերպվել է հերթական ընտրությունների անցկացման մտքի հետ: Այդ մասին, հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Այսօր Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ արտախորհրդարանական ընդդիմությունը՝ ՀԱԿ–ը, համաձայն է, որ պետք է հերթական ընտրություններ անցկացվեն եւ դա հնչում է նրանց ներկայացուցիչների շուրթերից»,- նշել է պատգամավորը:

Սահակյանը նկատել է, որ ներքաղաքական կյանքն ընթանում է նորմալ հունով. «Կարծում եմ, որ պետք է լինի նորմալ նախընտրական շրջան` իր բոլոր կոմպոնենտներով, և բոլորը կկարողանան օգտագործել ժամանակը, իրենց ծրագրերը ներկայացնելու համար»:

Հանրապետական գործիչը նաեւ հրաժարվել է նշել, թե առաջիկա ընտրություններում որն է լինելու իրենց կուսակցության «ֆիշկան»:

Ըստ Սահակյանի, Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա մարտավարությունը ձախողվել է: Նույն կարծիքն է արտահայտել նաեւ անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Վերջինս նկատել է, որ խոստացված «թեժ աշնան» մասին կանխատեսումներն այդպես էլ չարդարացան: «Ապագան անկանխատեսելի է ներկա պահին, բայց, կարծում եմ, որ իրավիճակը գերլարված կլինի եւ հիմնական խաղացողները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի իրավիճակը չմտնի փակուղի եւ պայթյունավտանգ իրավիճակ չլինի»,- կանխատեսել է Վարդան Խաչատրյանը: