Երեւանում, այսօր` հոկտեմբերի 17-ին, «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել «ԷկոԼուր» ՀԿ-ի նկարահանած «Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմի շնորհանդեսը:
«Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմը նվիրված է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանին, Ջերմուկ առողջարանային քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի ռիսկերին:
Ֆիլմում նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է Lydian International ընկերությանը, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ամուլսարի նախագծի ներդրողների թվում են երկու ազդեցիկ ֆինանսական ինստիտուտներ` Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):
Ամուլսարի նախագծի ազդեցության գոտու մեջ ներառվել են Գորայք, Կեչուտ, Սարավան, Սարալանջ, Գնդեվազ փոքր գյուղերը, իսկ Ամուլսարի գագաթից ընդամենը12 կմ հեռավորության վրա գտնվող մոտ 6000 բնակչությամբ Ջերմուկ առողջարանային քաղաքը չի ընդգրկվել:
Ընկերությունը մտադիր է արդյունահանել 70 տոննա ոսկի: Տոննայի մեջ 1 գրամ ոսկու պարունակության դեպքում (թվերը` Lydian International-ի) տարածքում կմնա 70 միլիոն տոննա թափոն: Հանքավայրի շահագործումից հետո 420 հա տարածք կհայտնվի լցակույտերի տակ:
Նշվում է, որ Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա: Մեկը Կեչուտի ջրամբարն է, իսկ մյուսը`Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է 257 միլիոն խորանարդ մետր տարողությամբ: Սպանդարյանի ջրամբարից Արփա-Որոտան թունելով ջուրը հոսում է Կեչուտի ջրամբար, Կեչուտից` Արփա-Սեւան թունելով Սեւանա լիճ: Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շրջակա միջավայրի վերաբերյալ հաշվետվությունում չի նշվում, որ հանքավայրի շահագործման հետեւանքով հնարավոր է` շրջակա միջավայրի ջրային պաշարների աղտոտում:
2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակվեց Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածը: Հոդվածում նշված է հետեւյալը. «Ամուլսարի ուրանի երեւակումները գտնվում են Կեչուտ գյուղից 4կմ հարավ-արեւելք եւ նույնանուն լեռան գագաթից 5 կմ հյուսիս արեւմուտք: Ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչեւ 0,5 %: Ամուլսարի երեւակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում` ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա»:
Lydian International -ի ղեկավարներն ամբողջությամբ հերքում են հոդվածի գիտական արժեքը: Ավելին, ազգային անվտանգության մարմիններից պահանջում են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հրապարակել են խորհրդային գիտարշավի նախկինում փակ, իսկ այժմ բաց գիտական տվյալները:
«ԷկոԼուր»-ի հարցմանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հակիրճ պատասխանել է` ընկերության փորձանմուշներում ուրան չի հայտնաբերվել: Ընդ որում, նախարարությունը հղում է կատարել ոչ թե իր սեփական հետազոտությունների, այլ Lydian International-ի` այսինքն շահագրգիռ կողմի պատվերով արված հետազոտությունների վրա:



























