Մեքենաներով Երեւան մտնող զբոսաշրջիկների համար քաղաքի փողոցները եւ տեսարժան վայրերն ավելի հասանելի դարձնելու նպատակով համապատասխան վայրերում ցուցիչ վահանակներ են տեղադրվում, բարեկարգվում եւ կանաչապատվում են ճամփեզրերը:

Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կամուրջների եւ փողոցների թեք լանջավոր հատվածների կանաչապատման եւ հենապատերի կառուցման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ համապատասխան աշխատանքներ են ընթանում մի շարք հատվածներում:

Մայրաքաղաք մուտք գործող ճանապարհների եւ դրանց հարակից տարածքների բարեկարգման, կանաչապատման եւ ձեւավորման աշխատանքների ընթացքի հետ կապված բնապահպանության վարչության կողմից զեկուցվել է, որ Երեւան-Արգավանդ ուղետարին հարակից տարածքի 3,2 հեկտարը բարեկարգված է, անցկացված է ոռոգման ցանց եւ այժմ կատարվում է սիզամարգի ցանք: Երեւան-Սեւան մայրուղում եւս ավարտվել են բարեկարգման եւ ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները, կատարվել է կանաչապատում`մշտադալար տնկիներով: Երեւան-Աշտարակ մայրուղու հատվածում  փոխվել են մայթերի եզրաքարերը, ընթացքի մեջ են հողային աշխատանքները, անցկացվում է լուսավորության համակարգ: Քաղաքապետը հանձնարարել է մինչեւ հոկտեմբերի վերջ ավարտել նշված ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Մայրաքաղաքում շարունակվող ասֆալտապատման աշխատանքների հետ կապված` Կարեն Կարապետյանը հանձնարարել է կատարել գույքագրում, ճշգրտել աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ու աշխատանքների կատարման ժամկետները:

Սպորտի բաժնի պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ներկայում մշակվում է առողջ ապրելակերպի քարոզչությանն ու մասսայականացմանն ուղղված հայեցակարգ: Քաղաքապետը հանձնարարել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել վարչական շրջաններին եւ տեղերում հնարավորին շատ կազմակերպել մասսայական մարզական միջոցառումներ: