Երեւանի կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, «Արեւորդի» փառատոնը հոկտեմբերի 17-21-ին, Երեւան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպում է լուսանկարների ցուցահանդես, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր` հոկտեմբերի 17-ին:
Ցուցահանդեսին ներկայացվող լուսանկարները պայմանականորեն բաժանված են 2 մասի` հին եւ նոր: Հին լուսանկարների բաժնում ներկայացված են այգու արխիվում պահպանված եւ այցելուների կողմից տրամադրված լուսանկարների մի մասը: Դրանք ներկայացնում են այգին, նրա առօրյան եւ աշխատողներին:
Ցուցահանդեսի շրջանակում արխիվային լուսանկարների ցուցադրությունը Երեւանի կենդանաբանական այգու արխիվն ամբողջացնելուն ուղղված քայլերի յուրօրինակ դրսեւորում է: Երեւանի կենդանաբանական այգին ամբողջական եւ մշակված արխիվ չունի: Այգու նոր տնօրենությունն այժմ ՀՀ ազգային արխիվի հետ կոնկրետ պայմանավորվածություններ ունի եւ առաջիկայում Ազգային արխիվում առկա` այգուն վերաբերող բոլոր փաստաթղթերը, գծագրերն ու մյուս նյութերը համակարգված ձեւով տեղ կգտնեն նաեւ Կենդանաբանական այգու արխիվում:
Հին լուսնկարների կողքին ներկայացված են նաեւ նախապես հայտարարված «Կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների մրցույթ»-ին մասնակցած լուսանկարների լավագույն նմուշները:
Այսօր հրապարակվել են նաեւ լավագույն սիրողական եւ պրոֆեսիոնալ լուսանկարների հեղինակների անունները: Պրոֆեսիոնալ լուսանկարների մրցույթում հաղթող են ճանաչվել հետեւյալ լուսանկարիչների աշխատանքները` Սարգիս Վիրաբյան (1-ին կարգի մրցանակ), Վահե Հակոբյան (2-րդ կարգի մրցանակ), Պարգեւ Էջուրյան (3-րդ կարգի մրցանակ): Սիրողական լուսանկարների մրցույթում հաղթող են ճանաչվել հետեւյալ լուսանկարիչների աշխատանքները` Արման Կարախանյան (1-ին կարգի մրցանակ), Քրիստինա Հարությունովա (2-րդ կարգի մրցանակ), Պարգեւ Էջուրյան (3-րդ կարգի մրցանակ): Հաղթողները արժանացան նաեւ դրամական պարգեւների. համապատասխանաբար 100, 50 եւ 25 հազարական դրամ:
Մրցույթի հաղթողներին որոշել է անկախ ժյուրին, սակայն այցելուները եւս իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն կունենան. ցուցահանդեսի բոլոր օրերին այցելուները տեղում կարող են քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Ցուսահանդեսից հետո կազմակերպիչները կհայտարարեն հաղթողի անունն ու այցելուների անունից մասնակցին խրախուսական մրցանակ կշնորհեն:
Մասնակիցները մինչեւ 3 նկար ներկայացնելու հնարավորություն են ունեցել: Մրցույթի «պրոֆեսիոնալ լուսանկար» ենթաբաժնում մասնակցել է 13 լուսանկարիչ, իսկ 31 մասնակից իրենց աշխատանքները ներկայացրել են որպես սիրողական լուսանկարներ: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել 3 գործող լուսանկարիչներ` Սեդրակ Մկրտչյանը (ՊանԱրմենիան Մեդիա), Հայկ Բաղդասարյանը («Ֆոտոլուր» լրատվական գործակալություն) եւ Գեւորգ Գասպարյանը (Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ):






























