«Այսօր իշխանությունները զբաղված են մի բանով, փորձում են սազը առած իրենց գովել, օտար երկրներում, որպեսզի իրենց վարչակարգի վերարտադրության հարցը լուծեն: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 17-ին, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` գյումրեցի լրագրողների ու համակիրների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե իշխանություններն էդքան լավն են, եթե վստահ են, որ որեւէ խնդիր չունեն, ինչի են ինքնասիրահարվածի նման ինքնագովազդով զբաղվում»,-ասել է նա:

Սաֆարյանընշել է, որ Գյումրի այցելության նպատակն այն է, որ հասարակությանը լրատվամիջոցների օգնությամբ իրազեկեն, որ «Ժառանգությունը» շարունակում է քաղաքացիական ֆորումների շարքը, որն սկսել է Երեւանից:

«Ամսի 19-ին մենք Գյումրիի տիկնիկային թատրոնում հանդիպում ենք կազմակերպելու գյումրեցիների հետ»,-ասել է Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է, որ ճիշտ է հիմա շատ «տնայնաբուծական»փորձագետներ փորձում են ժողովրդին համոզել, թե քաղաքական խաղերից Ժառանգությունը դուրս է մնացել, բայց դա այդպես չէ: «Ժառանգությունը դուրս չի մնացել: Իրանք փորձում են ապացուցել, թե հիմնական խաղացողներն են, բայց ով է հիմնականը՝ՀԱԿ-ը, որ միայն ժողովրդին կարողացել է մղել հիասթափության: Բայց որքան էլ ինքնասիրահարված ուժերը փորձեն պլաններ գծել, միեւնույն է ժողովուրդը խառնելու է բոլոր խաղաքարտերը»,-ասել է Ստեփան Սաֆարյանը:

Պատգամավորը շեշտել է, որ ինչպիսին կլինի Հայաստանի ապագան ու ինչպես կապրեն քաղաքացիները մեր երկրում շատ բան կախված է հենց առաջիկա խորհրդարանական ընտրություններից, նրանք անգամ վճռորոշ կլինեն 2013թ-ի նախագահական ընտրությունների համար: