«Այսպես շարունակվել չի կարող... Մեր դրոշը ծածանվում է ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում, սակայն երբ նայում ենք շուրջը, տեսնում ենք, որ մեր ցանկությունը, դրոշակը երկիրը այսօրվա իրականությանը չեն համապատասխանում»,- այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Գարեգին Նժդեհի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքը.

«Ի տարբերություն ինձ, ով ԱՄՆ-ում է ծնվել-մեծացել, դուք այստեղ եք ապրել ու աշխատել եւ ինձանից լավ գիտեք, թե 25-30 տարի առաջ, անգամ այո, Խորհրդային Միության վերջին տարիների ընթացքում ինչպիսին էր այս շրջանը` Շենգավիթը: Այստեղ էին Հայաստանի միտքը, ուժը, բազուկը. սա գործարանային թաղամաս էր` արդյունաբերության մեր բարձրակետը: Այստեղ են կենտրոնացած եղել բազմաթիվ խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններ` «Հայէլեկտրոն», «Էլեկտրոնը», «Նաիրիտը», էլեկտրոապարատների գործարանը, նուրբ բրդյա գործվածքների ֆաբրիկան, «Ավտոդետալը», կոմպրեսորների, կաբելի, ավտոդողերի, Ձերժինսկիի անվան հաստոցաշինական գործարանները, միկրոէլեկտրոնիկայի, դաշնամուրի, կոշկի ֆաբրիկաները, շատ ու շատ այլ խոշոր ձեռնարկություններ: Այստեղ էին նաեւ բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, կոնստրուկտորական բյուրոներ: «Երրորդ մաս» աշխատելու էին գալիս հազարավոր բանվոր-ծառայողներ Երեւանի բոլոր ծայրերից:

Եվ, ընդհանրապես, Հայաստանը թե՛ արդյունաբերական եւ թե՛ գիտական իր ներուժով ԽՍՀՄ-ում առաջնային դիրքեր էր զբաղեցնում: Ինչո՞ւ 20 տարիների ընթացքում` բոլոր իշխանությունների օրոք, վերացվեց արդյունաբերական այդ թռիչքը: Ինչո՞ւ եւ ո՞վ կործանեց այդ ամենը: Ինչո՞ւ եւ ո՞վ թույլ տվեց, որ գրեթե բոլոր այդ գործարանների հաստոցները, որպես մետաղի ջարդոն, արտահանվի գրոշների դիմաց: Ինչո՞ւ չի վերականգնվում այդ գործարանների գոնե մի մասը` ապահովելու համար հազարավոր աշխատատեղեր շենգավիթցիների եւ բոլոր երեւանցիների համար: Ինչո՞ւ պատշաճ կերպով չեն ֆինանսավորվում գիտնականներն ու ինժեներները, ովքեր կմշակեն մեր արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու ծրագրեր: Այս ամենի պատասխանատվությունն ընկնում է թե՛ նախկին եւ թե՛ ներկա բոլոր իշխանությունների վրա՝ առանց բացառության (խտրականություն չենք անում):

Այնպես որ, թող չասեն, թե Հայաստանը փող չունի արդյունաբերությունը զարգացնելու, գիտությանը ֆինանսավորելու համար: Ո՛չ, Հայաստանում փող կա, պարզապես այդ հարյուր միլիոնավոր դոլարները, որոնցով պետք է վերազինվեին ու վերագործարկվեին մեր ազգային արդյունաբերության փայլը հանդիսացող ձեռնարկությունները, հոսում են արտասահման` ներկրվող ապրանքների դիմաց: Ապրանքներ, որոնք ինքներս կարող էինք արտադրել` վճարելով բարձր աշխատավարձեր ոչ թե թուրք, չինացի կամ ռուս բանվորներին, այլ մեր հայաստանցիներին` երեւանցիներին` շենգավիթցիներին, որպեսզի նրանք կարողանային բարձր աշխատավարձով բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանք ապահովել, այլ ոչ թե արտագաղթել Հայաստանից ու աշխատանք փնտրել օտար ափերում: Աշխատատեղեր, որոնց մասին կուսակցությունները` ընդդիմությունից մինչեւ իշխանություն, ընտրությունից ընտրություն միայն խոստանում են:

2010թ. արդյունքներով Հայաստան է ներկրվել շուրջ 2 մլրդ 800 մլն դոլար ավելի շատ ապրանքներ, քան արտահանվել է: Այսինքն` ամեն տարի միայն այս ճանապարհով կորցնում ենք 2-3 մլրդ դոլարի չափ կապիտալ: Այս կապիտալով կարող էինք ծաղկեցնել երկիրը, ստեղծել հզոր արդյունաբերություն` ապահովելով երկրի քաղաքացիների համար արժանապատիվ աշխատանք եւ բարեկեցություն: Այդ 3 միլիարդը ուղարկում են այսօր նաեւ Հայաստանից գնացած, արտագաղթի դիմած մեր հայրենքկիցները, ովքեր ֆինանսավորում են արդյունաբերական այդ բացը:

Սա լրջագույն քաղաքական խնդիր է, քանի որ այսօր իշխանությունը գրեթե ամբողջությամբ ներկրողների ձեռքում է, ովքեր շահագրգռված չեն երկրի ներսում արդյունաբերությունը զարգացնելու գործում եւ Ազգային ժողովում մշտապես վիժեցնում են որոշ արտադրատեսակների գծով ներմուծման վրա սահմանված մաքսատուրքերն ավելացնելու եւ տեղական արտադրությանն աջակցելու` «Ժառանգության» եւ քաղաքական այլ ուժերի ջանքերը:

Բացի դրանից, ամենահամեստ հաշվարկներով տնտեսության 40%-ը կազմող «ստվերը», որը գոյացել է խոշոր բիզնեսը թերահարկելու պատճառով, պետք է բերվի հարկային դաշտ, ինչը հնարավորություն կընձեռի բյուջեն ավելացնել առնվազն 1 մլրդ դոլարով: Դա բավարար կլինի թոշակների, սոցիալական նպաստների ու նվազագույն աշխատավարձերի կրկնապատկման համար: Այդ փողը Հայաստանում կա, պարզապես վատնվում է ամենահարուստ 5 տոկոսի պճնանքի ու շռայլ ապրելակերպի, իսկ մի աննշան մասն էլ` ընտրությունից-ընտրություն բաժանվող 5-10 հազար դրամ ընտրակաշառքների վրա` սեփական իշխանությունը եւ երկրի այս չարքաշ վիճակը եւս 5 տարի երկարաձգելու համար:

Անընդունելի է, երբ հարկային բեռի հիմնական ծանրությունն ընկնում է փոքր եւ միջին բիզնեսի վրա, անընդունելի է արհեստական մենաշնորհների ամենաթողությունը, միայն ազատ մրցակցությունը կարող է բերել գների նվազման: Մինչդեռ եթե մենք ունենայինք օրինական մրցակցության դաշտ, չլինեին արհեստական մենաշնորհներ, դատավորներն ու դատական համակարգն անկախ լիներ` մեր երկիրը գրավիչ կդառնար արտաքին ներդրումների համար, նաեւ Սփյուռքից Հայաստանում տարեկան 1-2 մլրդ դոլար կներդրվեր: Սա եւս ֆինանսական ներհոսքի հսկայական աղբյուր է, որի շնորհիվ մենք ստիպված չենք լինի ձեռքներս պարզած` տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից մուրալ պարտքեր եւ միլիարդներով ծանրացնել դրանք սեփական զավակների` նոր սերունդների ուսերին:

Սա նախընտրական ճառ չէ, սա ռոմանտիկայի ոլորտից չէ: Սա շատ հստակ եւ պարզ ծրագիր է: Սա այն իրական հնարավոր քաղաքականության արդյունքն է` եթե մենք երբեւէ ունենանք մեր երկրում ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որն այլ շահ չունենա, քան ժողովրդի շահը, իշխանություն, որը չի հետապնդում սեփական գրպանի, ընտանիքի, խնամու եւ հատվածական այլ շահ: Բայց այս ամենի պահանջատերը ժողովուրդը պետք է լինի` իր քվեով, հրապարակային պահանջով, մասնակցությամբ: Այդպես միայն կարելի է ետ բերել իշխանությունը դեպի իրեն, որպեսզի, ի վերջո, մեր տնտեսությունը նորից զարգանա, իսկ արտագաղթած մեր հայրենակիցները վերադառնան:

Ոչ թե Րաֆֆին, Սերժը, Լեւոնը կամ Ռոբերտը, այլ ժողովուրդն է, որ պետք է կարգի հրավիրի մեր պետությունը: Անհրաժեշտ է, որ ժողովուրդն ինքը վերատիրանա իշխանություն ձեւավորելու իր իրավունքին: «Ժառանգությունից» ու մյուս կուսակցություններից վեր կա հայրենիքի գաղափար: Իսկ «Ժառանգությունը» պարզապես ձեզ հետ միասին կբերի այդ հայրենիքին հասնելու փոփոխությունները»: