Դուբլինում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում Վրաստանը ներկայացնող Վենետիկ Իրանոսյանը չեմպիոն է դարձել:
«Երբ ինձ պատվելու համար բարձրացրին վրացական դրոշը, ես իրոք հպարտացա նրանով, որ էթնիկ հայ եմ եւ Իռլանդիայի Դուբլին քաղաքում ի պատիվ ինձ վրացական դրոշը են բարձրացնում»,- պատմել է Վ. Իրանոսյանը, գրում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:
Ըստ պարբերականի, հայ բռնցքամարտիկը վստահ է եղել որ կհաղթի, սակայն մինչ ռինգ դուրս գալը չի գիտակցել իր հաղթանակի կարեւորությունը: «Ճիշտ է, բավականին դժվար էր հակառակորդիս հաղթելը, քանի որ նա շատ ուժեղ էր, բայց քանի որ ես հաղթեցի, կարծում եմ, որ ես էլ ավելի ուժեղ էի»,- ասել է Ախալքալաքի Կարտիկամի գյուղի երիտասարդ մարզիկը, ում 18 տարին նոր է լրացել:
«Այս հաղթանակից հետո իմ ընտանիքի անդամները արդեն լավատեսորեն են վերաբերում իմ ընտրած մասնագիտությանը: Հիմա, երբ նրանք ականատես եղան իմ հաղթանակին, հրաժարվեցին իմ սպորտից հեռանալու մտքից»,- հպարտորեն նշել է հայ մարզիկը: Նրա խոսքով, նա ինքն է ընտրել բռնցքամարտը, քանի որ շատ խիզախ մարզաձեւ է եւ իր ապագան տեսնում է այդ մարզաձեւում:
Նշենք նաեւ, որ Վենետիկը սովորում է 12-րդ դասարանում եւ դպրոցն ավարտելուց հետո դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ ստանա իր սպորտային կրթությունը` Երեւանում, թե Թբիլիսիում, թեեւ վրացերենին չի տիրապետում:
«Ես վրացերեն չգիտեմ, մնացածն էլ ռուսերեն չգիտեն, հետո՞ ինչ»,-նշել է նա, ընդգծելով, որ կարեւորն այն է, որ իր վրացերենի չիմացությունը չի խանգարում իրեն այլ մարզիկների հետ ունեցած ընկերական հարաբերություններին:




























