Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան կիրակի ասել է, որ կողմ է Միավորված ազգերի կազմակերպության բանագնաց նշանակելուն՝ էթնիկապես բաժանված Կիպրոսի վերամիավորման,  փակուղի մտած բանակցությունները վերսկսելու հնարավորությունները գնահատելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Մետսոլան հայտարարել է, որ անցյալ ամիս Նյու Յորքում անձամբ է հայտնել իր դիրքորոշումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Ըստ Մետսոլայի,  նա Գուտերեշին ասել է, որ Եվրոպան «երբեք ամբողջական չի լինի, քանի դեռ Կիպրոսը մնում է մասնատված»։

«Սա միայն Կիպրոսի խնդիրը չէ, սա եվրոպական խնդիր է», - ասել է նա կղզի երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ բանակցություններից հետո:

Մետսոլան մասնակցել է նաև կիրակի օրը կայացած ռազմական շքերթին՝ նվիրված բրիտանական գաղութատիրությունից Կիպրոսի անկախության 63-րդ տարեդարձին:

Իր հերթին, Խրիստոդուլիդիսը կիրակի  լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ի բանագնաց նշանակելու վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են։ Նա անջատված կիպրացի թուրքերի հետ վերամիավորման բանակցությունների վերսկսումը դարձրել է իր կիպրահունական վարչակազմի կենտրոնական կետը:

Բանակցությունները սառեցվել էին այն բանից հետո, երբ 2017 թվականի ամռանն ավարտվեց խաղաղ համաձայնության հասնելու վերջին փորձը։

Նախկինում ՄԱԿ-ի աջակցությամբ բանակցությունների բազմաթիվ փորձեր նույնպես ավարտվել էին անհաջողությամբ։ Վերամիավորման ջանքերը սկսվել են  1974 թվականի թուրքական ներխուժումից անմիջապես հետո, որի պատճառ դարձավ Հունաստանի հետ միավորմանն ուղղված պետական ​​հեղաշրջումը։

ՄԱԿ-ի խաղաղապահները պահպանում են բուֆերային գոտին  կղզու հյուսիսում գտնվող Կիպրոսի թուրքերի և հարավային Կիպրոսի հույների միջև: Թուրքիան՝ միակ երկիրը, որը ճանաչում է թուրքական Կիպրոսի անկախության հռչակագիրը, Հյուսիսային Կիպրոսում ավելի քան 35 000 զինվոր է պահում։

Կիպրոսը ԵՄ-ին միացել է 2004 թվականին, բայց միայն հարավային հատվածը, որտեղ գտնվում է միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և օգտվում է անդամակցության բոլոր առավելություններից։

Կղզու բաժանումը մշտապես եղել է Արևելյան Միջերկրական ծովում լարվածության ​​աղբյուր, հատկապես Կիպրոսի օֆշորային տնտեսական գոտու մեծ մասի նկատմամբ Թուրքիայի հավակնությունների պատճառով, որտեղ հայտնաբերվել են գազի զգալի հանքավայրեր:

Կիպրոսի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը հայտարարել է, որ իրական խաղաղության համաձայնագիր չի կարող լինել, քանի դեռ չի ճանաչվել Կիպրոսի թուրքական փոքրամասնության պետականությունը։ Նրա դիրքորոշումը հակասում է այն համաձայնությանը, որ Կիպրոսը վերամիավորվելու է որպես թուրքալեզու և հունալեզու գոտիներից բաղկացած դաշնություն:

Ըստ Թաթարի, ինքը Գուտերեշին ասել է, որ ՄԱԿ-ի ոչ մի բանագնաց չի կարող նպաստել բանակցություններին, «որոնք հիմնված կլինեն դաշնության այժմ անվավեր նախադրյալի վրա, և որ կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն երկու իրավահավասար  պետությունների միջև բանակցությունների միջոցով»: