Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների թեմային, հայտնում է Anadolu-ն։
Նա կոչ է արել Բրյուսելին «հրաժարվել Անկարայի նկատմամբ իր ոչ կառուցողական դիրքորոշումից»։
«Եթե ԵՄ-ն հրաժարվի իր անարդար դիրքորոշումից, առաջին հերթին վիզայի հարցում, ապա կուղղի իր սխալները։ Եթե ոչ, ապա նա կկորցնի քաղաքական, սոցիալական, տնտեսական և ռազմական առումներով մեզնից ինչ-որ բան ակնկալելու իրավունքը»,- հայտարարել է Էրդողանը։
Ըստ նրա, Թուրքիան կատարել է ԵՄ-ին տված իր բոլոր խոստումները, սակայն դաշինքը չի կատարել Անկարային տված խոստումներից գրեթե ոչ մեկը։
Նա նշել է, որ չնայած Բրյուսելում վարչակազմի փոփոխությանը, «Անկարայի նկատմամբ Եվրամիության կողմնակալության մեջ որևէ փոփոխություն չի եղել»։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ նման դիրքորոշումն անարդար է և «անհամատեղելի է պայմանավորվածությունների հարգման սկզբունքի հետ»։





























