Հայաստանի տնտեսության հետագա դիվերսիֆիկացումը թիվ մեկ խնդիրն է երկրի համար: Այս մասին ռուսական «Էքսպերտ» ամսագրին տված հարցազրույցում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե Հայաստանի տնտեսության առաջ այսօր ինչպիսի՞ հիմնական խնդիրներ են կանգնած, ՀՀ նախագահը պատասխանել է. «Տնտեսության հետագա դիվերսիֆիկացումը թիվ մեկ խնդիրն է, քանի որ այն կօգնի մեզ նվազագույնի հասցնել արտաքին տատանումների հետ կապված մեր խոցելիությունը: Հատուկ ուշադրություն ենք դարձնում այն հարցերին, որոնք ամրապնդում ու զարգացնում են պետական ու մասնավոր ոլորտների միջեւ համագործակցության գործուն մեխանիզմները: Դա կնպաստի երկրում տնտեսական ակտիվությանը, խոշորամասշտաբ նախագծերի իրականացմանը եւ պետության կողմից մասնավոր հատվածին արդյունավետ ծառայությունների մատուցմանը»:
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության խիստ մոնոպոլիզացված լինելու մասին պնդումներին, Սերժ Սարգսյանը նշել է. «Նոր սուբյեկտների շուկա մուտք գործելու համար բարենպաստ պայմանների ձեւավորումն ու բոլորի համար խաղի հավասար կանոնների ապահովումը մեր տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններն են: Նոր գաղափարների զարգացման եւ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման փորձերը մշտապես գործնական աջակցություն են ստանում պետության կողմից: Ունենալով սահմանափակ ներքին շուկա` պետությունը որդեգրել է արտահանումը խթանելու ուղին՝ ամեն կերպ օժանդակելով նորարարական նախաձեռնություններին: Ազատ մրցակցային միջավայրի կայացումը այդ նպատակին հասնելու կարեւորագույն մեխանիզմներից մեկն է: Ձեռքբերումներից բացի առկա են նաեւ խնդիրեր, որոնց լուծման համար մի շարք համակարգային բարեփոխումներ են իրականացվում, մասնավորապես պետք է ընդգծեմ, որ բավականին արդյունավետ գործում է Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովը, եւ այդ ինստիտուտին մենք ամեն կերպ կսատարեք ու կուժեղացնենք այն»:
Դիտարկմանը, թե Հայաստանը լուրջ տնտեսական օգուտներ կքաղի Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում, Հայաստանի նախագահն արձագանքել է. «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը չի կարելի գնահատել բացառապես երկկողմ տնտեսական կամ քաղաքական հարաբերությունների կոնտեքստում: Ողջամիտ ու ռացիոնալ չէ 21-րդ դարում հարեւան երկրի հետ վաղուց արդեն իր դարն ապրած երկաթյա վարագույրի սկզբունքով փակ սահման ունենալ: Այդպիսի դիրքորոշում ունի նաեւ ողջ միջազգային հանրությունը, որը մեծ եռանդով ընդունեց կարգավորման մեր նախաձեռնությունը: Բայց, ցավոք սրտի, Թուրքիայի ղեկավարությունը ընդունակ չեղավ անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել ու գործընթացը տրամաբանական ավարտին հասցնել:
Ակնհայտ է, որ դրական արդյունքի դեպքում երկու կողմերն էլ շահելու էին: Բայց դա առաջին հերթին նպաստելու էր ավելի զարգացած, դինամիկ ռեգիոնալ տարածության ստեղծմանը»:




























