Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների եւ անհատների խնդիրներին վերաբերող խորհրդակցություն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, խորհրդակցությանը մասնակցել են նախարարության ոլորտի պատասխանատուները, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավարությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Քաղաքացիական դիրքորոշում եւ ակտիվ հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը եւ անհատ տաքսու վարորդներ:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության պատասխանատուները ներկայացրել են իրենց դիտարկումները խնդրի վերաբերյալ եւ նշել, որ ուղեւորների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով փորձում են կանոնակարգել դաշտը: Գ. Դոստուրյանը մտահոգություն է հայտնել, որ անհատ տաքսի ծառայություն մատուցողները հնարավորություն չեն ունենա օդանավակայանի տարածքում զբաղվել ուղեւորների սպասարկմամբ:
Նախարար Մ.Վարդանյանն ամփոփելով քննարկումը հանձնարարել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել համապատասխան կարգ, որտեղ կներկայացվեն օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցելու համար հայտարարվելիք մրցույթի բոլոր պայմանները եւ պահանջները, ինչպես նաեւ տաքսի ծառայություն մատուցող մնացած ընկերություններին եւ անհատներին առաջարկվող պայմանները:




























