Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը իր մեկնաբանություններում, որոնք հայտնվել են այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին, հայտարարել է, որ «պաղեստինցի ժողովուրդը վերաբնակների ահաբեկչությունից եւ օկուպացիոն զորքերից իրեն պաշտպանելու իրավունք ունի», տեղեկացրել է Reuters-ը։

Ինչպես տեղեկացրել է WAFA պաղեստինյան գործակալությունը, այսօր Աբասը նախագահում էր ղեկավարության արտահերթ խորհրդակցությունում, որին մասնակցել են մի շարք քաղաքացիական անձինք եւ  անվտանգության ծառայությունների աշխատակիցներ։

«Նախագահը ցուցում է տվել ապահովել պաղեստինցի ժողովրդի պաշտպանությունը՝ ընդգծելով իրեն ահաբեկչությունից եւ օկուպացիոն զորքերից պաշտպանելու պաղեստինցի ժողովրդի իրավունքը։

Նա նաեւ ցուցում է տվել անսասան մնալ այն հանցագործությունների դեմ, որոնք կատարվում են իսրայելական օկուպացիայի եւ վերաբնակների ավազակախմբերի կողմից»,- նշել է պաղեստինյան ԶԼՄ-ն։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտվանից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռակոծել է Իսրայելի տարածքը։ Իսրայելական կողմը տեղեկացնում է զոհերի եւ վիրավորների մասին։ Դաժան մարտեր են ընթանում ՀԱՄԱՍ-ի անդամների հետ Իսրայելի հարավային եւ կենտրոնական մասերում։