Իմփիչմենթի մասով, խնդրեմ, ես որեւէ խնդիր չունեմ, ես չեմ պատկերացնում, որ որեւէ խնդիր կարող ենք ունենալ արտահերթ ընտրությունների գնալու առումով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց քիչ առաջ Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը քաղաքապետ է ընտրվել 32 կողմ ձայներով, մինչդեռ ավագանու կեսից ավելին 33 ձայնն է, եւ  մեկ տարի անց օրենքը թույլ է տալիս իմպիչմենտի գործընթաց սկսել քաղաքապետի նկատմամբ:

«Եթե այդ ցանկությունը մյուս ուժերը հաստատակամ ունենան, իհարկե, ոչ այս տուրբուլենտ ժամանակաշրջանում, ապա խնդրեմ՝ քննարկենք:

Մենք բոլոր խմբակցությունների հետ աշխատելու ենք, գործադիր իշխանությունն աշխատելու է բոլորի հետ: Մենք կարող ենք փաստել, որ գրեթե բոլոր ուժերի ծրագրերը իրար շատ նման են: Ես կարծում եմ՝ կառուցողական միջավայրում ենք անցկացնելու ավագանու նիստերը, եւ որոշումները կայացվելու են հանուն Երեւանի եւ երեւանցու շահի համար: Կարծում եմ՝ բոլորս էլ խելամիտ մարդիկ ենք եւ չենք ուզում քաղաքին վնասել»,-ասաց նա: