Գազայի հատվածում շաբաթ օրվանից ի վեր առնվազն 260 երեխա է զոհվել իսրայելական օդուժի անխնա հարվածների հետևանքով, հայտնում է Insider-ը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։

«Պաղեստինում երեխաների պաշտպանության» կազմակերպությունը (DCIP), որը գտնվում է  Արևմտյան ափում, հետևում է Պաղեստինում երեխաների մահվան դեպքերին: Կազմակերպությունը կարողացել է հաստատել ավելի քան 70 մահվան դեպք։ Որոշ դեպքերում սպանվում են ամբողջ ընտանիքներ։ DCIP-ի հաշվետու ծրագրի տնօրեն Այեդ Աբու Էքթայիշը Insider-ին ասել է, որ իրավիճակը «սարսափելի է»:

Գազայի բնակչության գրեթե կեսը 18 տարեկանից ցածր է, և մահացության աճը ստեղծում է երեխաների իրավունքների ճգնաժամ այս գոտում, որտեղ 2,3 միլիոն մարդ ապրում է մոտավորապես 140 քառակուսի մղոն տարածքում:

 Զանգվածային զոհերից բացի, Աբու Էքթայիշը նաև նշել է, որ երեխաները «շուրջօրյա» ենթարկվում են պատերազմի ձայներին ու տեսարաններին։ Գազայի 16-ամյա պաշարման հետևանքով տարածաշրջանի երեխաներն արդեն հակված են հոգեկան առողջության խնդիրների, ասվում է Save the Children-ի զեկույցում։  

Իրավապաշտպանները, որոնք զրուցել են Insider-ի հետ, ասում են, որ Գազայի հատվածում և Արևմտյան ափում երեխաների իրավունքների իսրայելական խախտումները խնդիր էին մինչև ներկայիս հակամարտությունը: 

ՄԱԿ-ը նաև վարում է Ամոթի ցուցակ, որում հետևում է զինված հակամարտությունների ժամանակ երեխաների իրավունքների լուրջ խախտումներին: Լուրջ խախտումները տատանվում են սպանությունից և վնասվածքներ հասցնելուց  մինչև սեռական բռնություն:

Ըստ HRW-ի՝ Իսրայելը պետք է լիներ այդ ցուցակում, սակայն մինչև այժմ խուսափում էր դրանից՝ չնայած նրան, որ ճանաչվել է ամենալուրջ խախտումներ կատարած երկրներից մեկը։

 Աքշայա Կումարը՝ HRW-ի ճգնաժամային պաշտպանության գծով տնօրենը, Insider-ին ասել է, որ չի կարող պատկերացնել, որ Իսրայելն այս շաբաթվա իրադարձություններից հետո դուրս մնա այդ ցուցակից:

Աբու Էքթայիշն ասել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում ավելի շատ զոհերի: «Կարծում եմ, որ մենք բոլորս պարտավոր ենք պաշտպանել քաղաքացիներին և երեխաներին, ճնշում գործադրել նրանց կառավարությունների վրա, որպեսզի այդ ճնշումն ուղղվի Իսրայելի վրա՝ դադարեցնելու այս խելահեղ պատերազմը», - ասել է Աբու Էքթայիշը: