Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, նախարարություններին կոչ է արել օգտվել «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթից: Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստի ավարտից հետո:

Սույն սակագնային փաթեթը Հանձնաժողովի կողմից հաստատվել է երեկվա նիստում: Ռ. Նազարյանը հիշեցրեց, որ այն պարտադիր չէ, սակայն կարող է զգալի խնայողություններ ապահովել այն գերատեսչությունների համար, որոնք շատ են օգտվում միջքաղաքային հեռախոսակապից:

Առաջարկվող փաթեթով «ԱրմենՏելը» նվազեցնում է դեպի բջջային եւ միջքաղաքային զանգերի սակագինը, փոխարենը նվազեցվում է նաեւ տեղական զանգերի անվճար մասը: Մասնավորապես` իրավաբանական անձանց համար միջքաղաքային 20 դրամ ելքային սակագինը իջեցվում է մինչեւ 15 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ ֆիզիկական անձանց համար` մինչեւ 10 դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես կոչ արեց նախարարություններին` 2012 թ. բյուջեն պլանավորելիս հաշվի առնել խնայողություն կատարելու հնարավորությունը: