Անկարան առաջարկել է ստեղծել երաշխավորների համակարգ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, տեղեկացրել է «Անադոլուն»։

Դիվանագետն ընդգծել է Թուրքիայի կարեւոր դերն այդ գաղափարի ձեւավորման գործում։ Նախարարը նշել է այն անհրաժեշտությունը, որպեսզի մի քանի երկրներ, այդ թվում եւ Թուրքիան,  հանդես գան որպես երաշխավորներ, հենց որ կողմերը հասնեն համապատասխան համաձայնության։ Երաշխավոր երկրները պետք է պարտավորվեն ապահովել համաձայնագրի կատարումը։

Ֆիդանը ընդգծել է Իսրայելի վրա միջազգային ճնշման կարեւորությունը՝ երկու պետությունների ստեղծման մասին որոշում ընդունելու նպատակով։ Նա նշել է, որ Թուրքիան ներկայացրել է իր տեսլականը այս հարցի վերաբերյալ։

Արտաքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի ե ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցած քննարկումներն այս թեմայի վերաբերյալ ցույց են տվել, որ Վաշինգտոնը կողմ է կարգավորմանը երկու պետությունների ստեղծման սկզբունքով։

Թուրք նախարարը անհրաժեշտ է համարել, որ միջազգային հանրությունը ավելի ակտիվ դեր ստանձնի իսրայելա-պաղեստինյան խնդրի լուծման գործում։

Թուրքիայի խաղաղապահ ուժերի տեղակայումը  տարածաշրջանում ներառված չէ օրակարգում։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները պետք է պատասխանատվություն կրեն եւ միասնական դիրքորոշում որդեգրեն կողմերից յուրաքանչյուրի հանդեպ, որը կխախտի ձեռք բերվելիք համաձայնությունը։

Նա ընդգծել է ներկա իրավիճակը խաղաղության հնարավորության վերածելու անհրաժեշտությունը։ Երաշխավոր երկրների առկայությունն, ըստ նրա, վճռական նշանակություն կունենա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կայուն կարգավորման համար։