2011 թվականի հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջեւ կազմակերպել էին բողոքի գործողություն` ցուցապաստառներով պիկետ: Բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին եւ ընթանում էր խաղաղ մինչեւ այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները եւ, հրելով նրանց` խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը: Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան եւ վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսեւորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Հ1» հեռուստատեսության «Հայլուր» հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը:
Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ` սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել եւ տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները եւ ոստիկաններ: Շուրջ 15 րոպե անց Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կյանքի կոչվեց մի խումբ ոստիկանների կողմից: Սկզբից նրանք Վարդգես Գասպարիին բանավոր խոսքով հրավիրում էին ոստիկանություն, ինչին Վարդգես Գասպարին առարկեց` մերժեց հրավերը` պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր: Ոստիկանական խումբը, ստանալով հրավերի մերժումը, դիմեց բռնի ուժի` հրելով այդ պահին Վարդգես Գասպարիի կողքին գտնվող ցուցարարներին եւ նրանց զորակցող ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Գետնին հայտնված Վարդգես Գասպարիին ոստիկանները բռնությամբ ի վերջո տեղափոխեցին ոստիկանական մեքենա եւ տարան:
Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար»:
Հայտարարությունը ստորագրել են
Լալա Ասլիկյան
Արթուր Սաքունց
Լեւոն Բարսեղյան
Զարուհի Փոստանջյան
Լենա Նազարյան
Սոնա Այվազյան




























