ՀՀ ՆԳն Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը կարողացել է բացահայտել, թե իրականում հոկտեմբերի 14-ին, Արարատի մարզում ով է եղել Մխչյան գյուղի բնակիչ 36-ամյա Ռուդիկ Գ.-ին վրաերթի ենթարկած վարորդը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 19:10-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատի խճուղի 17 տան դիմաց Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել Ռուդիկ Գ.-ն, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Տեղում ոստիկաններին ու քննիչներին է ներկայացել Մխչյան գյուղի բնակիչ 70-ամյա Սերգեյ Գ.-ն, ով հայտնել է, որ վրաերթը ինքն է կատարել իր կողմից վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենայով:

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սակայն ոստիկանները ժամերի ընթացքում պարզել են, որ  իրականում վրաերթը կատարել է Սերգեյ Գ.-ի որդին՝ Մխչյան գյուղի բնակիչ 42-ամյա Դավիթը, ով վրաերթը կատարելուց հետո լքել է դեպքի վայրը:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: