Ամերիկայի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այսօր` հոկտեմբերի 21-ին, աննախադեպ այցելությամբ ժամանում է Թուրքիա` նպատակ ունենալով այցելել կրոնական տեսարժան վայրեր ողջ երկրի տարածքում: Այս մասին հաղորդում է թուրքական «Today’s Zaman»-ը:

25 մարդուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում են ամերիկահայ համայնքի ազդեցիկ գործարարներ եւ կրոնական գործիչներ, կլինեն Ստամբուլի, Դիարբեքիրի եւ Վանի կրոնական հաստատություններում:

Այցը կկայանա Դիարբեքիրում 15-րդ դարում կառուցված Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ավարտից հետո: Սա Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկն է, որը եղել է Թուրքիայի երբեմնի հայ բնակչության պատմական կենտրոններից մեկը:

Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը եւ Հայկական եկեղեցու Ամերիկայի թեմի այլ ներկայացուցիչներ կմասնակցեն եկեղեցու բացմանը, որը նախատեսված է հոկտեմբերի 23-ին: Պատվիրակությունը նախատեսում է նաեւ մասնակցել Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին:

Այս այցը բարի կամքի դրսեւորում է Թուրքիայի կառավարության եւ կրոնական փոքրամասնությունների միջեւ: Հայկական եկեղեցու թեմական խորհրդի ղեկավար Օսկար Թաթոսյան նաեւ հայտարարել է, որ ամերիկացիների համար կարեւոր են առեւտրային կապերը, իսկ Թուրքիայի համար կարեւոր է լինել Հայաստանի բարեկամը: